Գերմանական ‘’Rheinmetall’’ սպառազինությունների կորպորացիան հայտարարել է Ուկրաինային իր արտադրած ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր մատակարարելու պատրաստակամության մասին։
Այս մասին գրում է ‘’Handelsblatt’’ թերթը` Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու անհրաժեշտության մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի կողմից երկուշաբթի օրն արված հայտարարություններից հետո:
Ըստ հրապարակման՝ խոսքը գնում է Բունդեսվերի` Գերմանիայի զինված ուժերի կողմից շահագործումից հանված մի քանի տասնյակ ‘’Leopard 1’’ տիպի տանկերի մասին:
Կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերի խոսքով՝ առաջին «Լեոպարդը» կարող է Ուկրաինա առաքվել վեց շաբաթից։ Մինչ առաքումը սկսվելը, որոշումը պետք է հաստատվի երկրի կառավարության կողմից:
Մինչ փետրվարի 24-ին ռուսական ներխուժումը, Գերմանիան, ի տարբերություն ՆԱՏՕ-ի մի շարք երկրների, հրաժարվում էր Ուկրաինային զենք մատակարարել: Արգելքն ավելի ուշ հանվեց։ Այս ընթացքում մատակարարվել են հակատանկային և հակաօդային համակարգեր։
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, պնդում են, որ իրենց պետք է սպառազինության ավելի ամբողջական շարք, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա և ռազմաօդանավեր։
Անցած շաբաթ հաղորդվել էր Չեխիայից Ուկրաինա T-72 տանկերի խմբաքանակի մատակարարման մասին։ Բանակցություններ են ընթանում նաեւ Սլովակիայից ինքնագնաց հաուբիցների մատակարարման շուրջ։