Ուկրաինայի հարավային Մարիուպոլը, որը ժամանակին 400,000 բնակչությամբ նավահանգստային քաղաք էր, ռուսական ուժերի կողմից գրեթե ամբողջությամբ գետնին է հավասարեցվել: Նպատակը քաղաքի պաշտպանների դիմադրությունը կոտրելն է, գրում է ‘’Ռոյթերս’’ գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի, հարյուր հազարավոր մարդիկ են պատսպարվել նկուղներում՝ առանց հոսող ջրի, սննդի, դեղորայքի եւ էլեկտրասնուցման՝ չկարողանալով կամ չցանկանալով հեռանալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քաղաքից «ոչինչ չի մնացել»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս ամենի համար մեղադրել է «ուկրաինացի ազգայնականներին»։ Նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր ուժերը «կազատագրեն» Մարիուպոլը ուկրաինական «ազգայնականներից»: Այս մասին տեղեկացնում է RIA գործակալությունը։ «Ինտերֆաքս»-ն էլ, մեջբերել է նախարարության հայտարարությունն այն մասին, որ ռուսական կողմն առաջարկել է ուկրաինական ուժերին հեռանալ քաղաքից, պահանջ, որն արժանացել է ուկրաինական ուժերի մերժմանը: Իսկ քաղաքում մնացած բնակիչներին տարհանելու համար մեծ հնարավորություններ չկան: Նրանք կամ պիտի հեռանան ոտքով, կամ էլ մասնավոր ավտոմեքենաներով:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի աջակցությունը ստացող զորքերն այս քաղաքում հավաքում էին մահացածների մարմինները ու տեղափոխում դիահերձարան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի օրն ասել է, որ Մարիուպոլից ռուսական զորքերը հետ մղելու Ուկրաինայի ջանքերը դժվարությունների են բախվում։ Տեղական լրատվամիջոցներին տված հեռուստահարցազրույցում Զելենսկին ասել է, որ ռազմական իրավիճակը հարավային նավահանգստային քաղաքում «շատ բարդ է»:
Նա նաև ասել է, որ Թուրքիան առաջարկել է վիրավորներին և դիակները քաղաքից տարհանելու ծրագիր, սակայն զգուշացրել է, որ նախաձեռնությունը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամքից։