Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սկսել RT պետական հեռուստաալիքի հիմնադիր Մարգարիտա Սիմոնյանի, «Россия Сегодня» մեդիա հոլդինգի և մի քանի ռուսաստանյան մեդիա մենեջերների դեմ։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է նաեւ ռուսական բանակի գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
Պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է 14 դիրքով։ Պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նաեւ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժարովը, RT-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը, Sputnik գործակալության ղեկավար Անտոն Անիսիմովը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մաքսիմենկոն, նույն հիմնադրամի սոցիալական ցանցերի տնօրեն, անձնակազմի աշխատակից և մենեջերներ, «Կամերտոն» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Զամլելովան և «Ռոսիա» ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ, հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլյովը։ Վերջինս ունի բրիտանական քաղաքացիություն։
Կսառեցվեն նշված բոլոր գործակալությունների եւ անձանց բրիտանական ակտիվները: Կարգելվի նշված անձանց մուտքը Մեծ Բրիտանիայի տարարածք։ Թե ինչպես այս որոշումը կանդրադառնա բրիտանական քաղաքացիություն ունեցող Բրիլյովի վրա, դեռեւս ճշտման փուլում է: