Արգելքը սահմանափակումների շարքից վերջինն է անցյալ օգոստոսին երկրում վերահսկողություն հաստատելուց հետո, որը իսլամիստական խմբավորումը սահմանել է աֆղանական լրատվամիջոցների վրա՝ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով:
Վաշինգտոնից հեռարձակվող «Ամերիկայի Ձայն»-ը արագորեն դատապարտել է թալիբներին, իր հաղորդումները եթերազրկելու համար:
«Մենք խնդրում ենք Թալիբանին վերանայել այս մտահոգիչ որոշումը», - նշված է «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենի պաշտոնակատար Յոլանդա Լոպեսի հայտարարության մեջ: «Թալիբանի կողմից արվող այս սահմանափակումները հակասում են Աֆղանստանի ժողովրդին հասնող խոսքի ազատության պահանջներին», - ասել է Լոպեսը:
Ամերիկյան կայանը իր աֆղան գործընկերներ՝ TOLO news-ի և Shamshad TV-ի համար շաբաթը հինգ օր պատրաստում է կեսժամյա լրատվական տեղեկագրեր փուշթու և դարի լեզուներով, որոնք Աֆղանստանում խոսվող երկու հիմնական լեզուներն են:
Լոպեսը հավելել է, «թեև մենք հիասթափված և տխուր ենք երկրում մեր հեռուստատեսային գործընկերներին թալիբների կողմից ուղղված հրամաններից, ‘’Ամերիկայի Ձայն’’-ը կշարունակի Աֆղանստանի ժողովրդին փաստացի տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունը հեռուստատեսության, ռադիոյի և ինտերնետային www.pashtovoa.com և www.darivoa.com կայքերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով»:
BBC-ի միջազգային լեզուների ծառայության ղեկավարը նույնպես կոչ է արել Թալիբանին անհապաղ վերացնել արգելքը իրենց լրատվական տեղեկագրերի վրա:
«BBC-ի հեռուստատեսային լրատվական տեղեկագրերը Աֆղանստանում փուշթու, պարսկերեն և ուզբեկերեն լեզուներով հեռացվեցին եթերից, երբ թալիբները հրամայեցին մեր հեռուստատեսային գործընկերներին եթերից հեռացնել իրենց միջազգային հեռարձակողներին», - հաստատել է Թարիկ Քաֆալան կիրակի օրվա իր հայտարարության մեջ:
«Սա մտահոգիչ զարգացում է Աֆղանստանի ժողովրդի համար այս անորոշ և անհանգիստ ժամանակաշրջանում», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ «ավելի քան վեց միլիոն աֆղանցիներ ամեն շաբաթ հեռուստատեսությամբ հետևում են BBC-ի անկախ և անկողմնակալ լրագրությանը, և շատ կարևոր է, որ նրանք ապագայում չզրկվեն այս հնարավորությունից»:
Թալիբանի տեղեկատվական նախարարության խոսնակը հայտնել է ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, որ տեղեկատվություն կհավաքի և հավելյալ մեկնաբանությամբ հանդես կգա ավելի ուշ:
Ներքին և միջազգային քննադատներն ասում են, որ Աֆղանստանում թալիբների իշխանության ներքո ԶԼՄ-ների և խոսքի ազատության իրավիճակը վատթարացել են:
Աֆղանստանի լրագրողները բազմիցս ձերբակալվել և բռնության են ենթարկվել անվտանգության ուժերի կողմից։ Թալիբանի ժամանակավոր կառավարությունը հրապարակել է մի շարք «լրագրության կանոններ», ներառյալ ԶԼՄ-ների պարտավորվաղծությանը հետևել «լավը վայելելու և սխալն արգելելու մասին» իսլամական դոկտրինին, ըստ իրենց խմբավորման հասկացության:
Դեկտեմբեր ամսին «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունը հրապարակեց մի հարցում, որը ցույց տվեց, որ թալիբների կողմից երկրին տիրանալուց հետո, Աֆղանստանի ԶԼՄ-ների առնվազն 40%-ն անհետացել է, իսկ կին լրագրողների ավելի քան 80%-ը կորցրել են իրենց աշխատանքը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ լրագրողների համար մայրաքաղաք Քաբուլում և երկրի մնացած մասերում միջավայրը դարձել է «չափազանց մտահոգիչ»: Քննադատներն ասում են, որ տեղացի լրագրողների ազատ աշխատելու պայմանները է՛լ ավելի են վատթարացել:
Օգոստոսից հարյուրավոր լրագրողներ լքել են Աֆղանստանը, որպեսզի խուսափեն թալիբների հնարավոր հաշվեհարդարի և նոր կառավարության օրոք իրենց մասնագիտությամբ զբաղվելու հետ կապված խնդիրների պատճառով:
Ըստ ԼԱՍ-ի հետազոտության, օգոստոսի 15-ից ի վեր, ավելի քան 6400 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը թալիբների Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վերահսկողության հաստատումից հետո:
«Ամերիկայի Ձայն»-ի և «BBC»-ի հաղորդումների արգելքը տեղի ունեցավ թալիբների միջազգային ճնշման և դատապարտման ժամանակ՝ դեռահաս աֆղան աղջիկների առջեւ դպրոցները փակ պահելու պատճառով:
Մարտի 23-ին, չորեքշաբթի օրը, Թալիբանը վերաբացել էր միջնակարգ դպրոցները: Դա ձմեռային արձակուրդից հետո էր, որը համարվում է ուսումնական տարվա սկիզբ Աֆղանստանի մեծ մասի համար: Սակայն, վերջին պահին դե ֆակտո իշխանությունները որոշել են թույլ չտալ վեցերորդ դասարանից բարձր աղջիկներին վերադառնալ դասասենյակ՝ պատճառաբանելով նրանց համար նախատեսված միջոցների բացակայությունը, որի օրինակ է շարիաթի կամ իսլամական օրենքներին համապատասխանող դպրոցական համազգեստը:
Շաբաթ օրը, Աֆղանստանի կանանց իրավունքների պաշտպաններն ու աղջիկ երեխաները դուրս եկան փողոցներ՝ պահանջելով Թալիբանին վերաբացել դպրոցները աղջիկների համար: Նրանք խոստացել են բողոքի ալիք սկսել ամբողջ երկրում, եթե իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում չկարողանան բացել դպրոցները աշակերտուհիների համար:
Միջազգային հանրությունը դեռևս չի ճանաչել Թալիբանը որպես Աֆղանստանի օրինական իշխանոթյուն՝ պատճառաբանելով մարդու իրավունքների ոտնահարումնեը, ահաբեկչությունների փաստը և Քաբուլի կառավարությունում կանանց բացակայությունը:
Անուշ Հակոբյան