Բայդենը հստակեցրել է, որ ինքը Ռուսաստանում վարչակարգի փոփոխության կոչ չի արել

Կիրակի օրը՝ մարտի 27-ին, երբ լրագրողներից մեկը Վաշինգտոնի եկեղեցուց կիրակնօրյա պատարագից հետո հեռանալիս, նախագահին հարցրեց, թե արդյոք նա կոչ է անում փոխել Ռուսաստանում վարչակարգը, Ջո Բայդենը պատասխանել է մեկ բառով՝ «ոչ»։

Ավելի վաղ՝ մարտի 26-ին, Լեհաստանում գտնվելու ժամանակ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել էր «մսագործ»՝ նկատի ունենալով նրա դաժան ներխուժումը Ուկրաինա, ինչի արդյունքում զոհվել են նաեւ բազմաթիվ քաղաքացիական անձինք:

Բայդենի խոսքերը կիրակի օրը փորձել էին մեղմել ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլիանա Սմիթը, անդրադառնալով Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ հանդիպումից հետո Բայդենի կողմից արված հայտարարությանն, ասել է. ‘’Կարծում եմ, որ այդ խոսքերն ականատեսների պատմածների նկատմամբ հասկանալի արձագանք է եղել’’:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե Բայդենն ընդգծել է, որ Պուտինը չունի պատերազմ սկսելու իրավունք: Միաժամանակ պետքարտուղարը հավելել է, որ Ռուսաստանի ապագա ղեկավարության վերաբերյալ ցանկացած որոշում «կընդունվի ռուս ժողովրդի կողմից»։

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ռոբ Փորթմանը , NBC-ի եթերում ասել է. ‘’Պուտինի մասին Բայդենի խոսքերը ձեռնտու են ռուս քարոզիչներին և գործում են հօգուտ Վլադիմիր Պուտինի: Այնպես որ, դա սխալ արտահայտություն էր’’: