Լավրովը կարծում է, որ արեւմտյան երկրները «իսկական հիբրիդային պատերազմ» են հայտարարել Ռուսաստանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արեւմտյան երկրները «իսկական հիբրիդային պատերազմ» են հայտարարել Ռուսաստանին, որի նպատակն է ոչնչացնել ռուսական տնտեսությունը եւ ամբողջ երկիրը։ Այս տեսակետը նախարարը հայտնել է ուրբաթ օրը Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի խորհրդի նիստում։

«Այսօր մեզ իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել՝ «տոտալ պատերազմ». այս եզրույթը, որն օգտագործում էր նացիստական Գերմանիան, այժմ օգտագործում են եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նպատակները չեն թաքցվում, դրանք հայտարարվում են հրապարակայնորեն՝ ոչնչացնել, ջարդել, խեղդել ռուսական տնտեսությունը և ամբողջ Ռուսաստանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովն Արևմուտքում ձեռնարկված միջոցներն անվանել է «պատժամիջոցային անօրինություն» և ավելացրել, թե իր համար ակնհայտ է, որ արևմտյան բոլոր արժեքները՝ խոսքի ազատությունը, շուկայական տնտեսությունը, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, անմեղության կանխավարկածը, այլեւս որեւէ արժեք չունեն։

Սպիտակ տունը բազմիցս է հայտարարել, որ պատժամիջոցների նպատակը ոչ թե Ռուսաստանի քաղաքական համակարգը փոխելն է, այլ` Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանի ծախսերը մեծացնելը:

։