Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով ԼՂ հակամարտության գոտում

Ուկրաինական պատերազմն իր ազդեցությունն է թողնում ԼՂ-ի շուրջ զարգացումների վրա: Ամերիկացի փորձագետները, Ամերիկայի ձայնի հետ զրույցում, ընդգծում են այս կապն ու քննարկում ԼՂ հակամարտության հետագա ընթացքը

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ-ում գազի խափանումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ արձագանքելով վեչրջին օրերի լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի Խրամորթ և Փառուխ գյուղերի մերձակայքում, ինչպես նաև ԼՂ բնակչության գազամատակարարման խափանմանը: Պետքարտուղարությունը շեշտում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները՝ անհապաղ դեէսկալացիա ապահովելու համար: Պետքարտողարությունը տեղեկացնում է նաև, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերոն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:

Փորձագիտական շրջանակները լարվածության այս աճը կապում են Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ: Ռազմվարական և միջազգային հետազոտությունեի կենտրոնի (CSIS) վերլուծաբան Էնդրյու Լոհսենի կարծիքով պատերազմը Ուկրաինայում կարող է աղետալի դառնալ հատկապես Հայաստանի համար: Ուկրաինական հակամարտությունը շեղում է Ռուսաստանի ուշադրությունը ղարաբաղյան խնդրից, ասում է նա:

«Չի բացառվում, որ Բաքուն փորձում է պարզել Մոսկվայի ուշադրության շեղման մակարդակը: Խաղաղապահ ուժերի պասվության պարագայում, այն հնարավոր է փորձի տարածքային հավելյալ նվաճումներ ստանալ ԼՂ-ում»,- ասում է Լոհսենը:

Իր հերթին, American Enterprice Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը ևս մտահոգիչ է որակում Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ռուս խաղաղապահների հնարավոր դուրս բերման հեռանկարը:

«Ուկրաինացիները շատ ավելի մեծ դիմադրություն են ցույց տվել, քան ակնկալում էր ռուսական կողմը, ուստի ես վստահ չեմ, թե որքան ժամանակ Վլադիմիր Պուտինը կարող է պահել Լեռնային Ղարաբաղում իր ամենաէլիտար ընդունակ ուժերի մի մասը, որոնք հանդես են գալիս որպես խաղաղապահներ Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասում է Ռուբինը:

Նրա կարծիքով, խնդիրը նրանում է, որ Բաքուն կարծում է, որ ուժի միջոցով կարող է հասնել նրան, ինչին չի հաջողվել հասնել դիվանագիտական ճանապարհով:

«Մինսկի խմբի հեղինակությանը մեծ հարված հասցվեց, երբ Ադրբեջանը խախտեց իր բոլոր նախկին պայմանավորվածությունները և դիվանագիտական ճանապարհի փոխարեն գնաց ԼՂ հակամարտությունը ուժով լուծելու ուղիով: Դա ստեղծեծ լեգիտիմության ճգնաժամ Մինսկի խմբի համար»,- պնդում է նա:

Էնդրյու Լոհսենը ևս չի ակնկալում այսօրվա իրավիճակում որևէ լուրջ առաջընթաց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Նրա կարծիքով կարևոր հարցերից է այն, թե արդյոք Մոսկվան այսօրվա իրականության մեջ կարող է շարունակել իրականացնել խաղաղապահի գործառույթները, որոնք այն ստանձնել է ԼՂ երկրորդ պատերազմից հետո: Դա վերաբերվում է նաև ՌԴ-ի դիվանագիտական ջանքերին ևս:

«Ուկրաինայում այս ողջ պատերազմի ընթացքում Ռուսաստանը համակարգված քննադատում էր միջազգային կառույցներն ու անվտանգության շրջանակները, ներառյալ ԵԱՀԿ-ի հիմքերը: Ուստի, ցավոք, դժվարանում եմ տեսնել, թե ինչպես Ռուսաստանը կարող է արդյունավետ մասնակցել ցանկացած միջազգային հարթակի աշխատանքներին, ներառյալ Մինսկի խումբը»,- նշում է նա:

Վերլուծաբանները գտնում են, որ Վաշինգտոնը պետք պատշաճ ոշադրություն ցուցաբերի ԼՂ հիմնախնդրին և ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի այս հարցում՝ խնդիրը միջազգային հարաբերությունների օրակարգում պահպանելու համար: