Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հորդորել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեծացնել ռազմական օգնությունն իր երկրին` ընդդեմ ռուսական ագրեսիայի: Նա նաեւ զգուշացրել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը կարող են լինել դաշինքի մաս կազմող Արեւելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես` Լեհաստանը։
Առցանց ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում` Զելենսկին ընդգծել է, որ ռուսական ուժերին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ, հրասայլեր, ռազմածովային զենքեր և կատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները տեղյակ են, որ պատերազմ սանձազերծած Ռուսաստանը մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում, եւ պատրաստվում է ավելի հեռուն գնալ՝ մինչեւ դաշինքի մաս կազմող Արևելյան Եվրոպայի պետություններ, առաջին հերթին` Բալթյան երկրներ և Լեհաստան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ ասել էր, որ չնայած դաշինքն ուժեղացնում է Ուկրաինային աջակցությունը, զորքեր կամ ռազմաօդնավեր չի ուղարկի Կիեւին օգնելու համար:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներին աջակցության համար։ Սակայն ասել է նաեւ, որ դաշինքը դեռ պետք է ցույց տա մարդկանց փրկելու իր կարողությունները։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան գտնվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև գորշ գոտում։ «Մենք պաշտպանում ենք մեր և ձեր ընդհանուր արժեքները», ասել է նա։
«Դաշինքը դեռ կարող է կանխել ռուսական հարվածներից ուկրաինացի մարդկանց մահը, կարող է Ուկրաինան կանխել ռուսական օկուպացիայից՝ մեզ տրամադրելով մեզ անհրաժեշտ բոլոր զենքերը», - ասել է Ուկրաինայի նախագահը։