ՊՆ խոսնակը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ապացույցներ է հավաքում» Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում», - ասել է Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան:
«Կատարվում է հետաքննություն, որը կշարունակվի, և մենք պատրաստվում ենք նպաստել այս հետաքննությանը։ Թե ինչ կստացվի դրանից, սա Պենտագոնի ղեկավարության որոշումը չէ»,- պնդում է Քիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին ասել էր, որ պետքարտուղարությունը ուսումնասիրում է Ուկրաինայում «պատերազմական հանցագործությունների» դեպքերը՝ շարունակական «իրավական գործընթացի» շրջանակներում։
Նրա խոսքով, հետաքննության ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքագրված տեղեկատվությունը «կփոխանցվի միջազգային մարմիններին, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկել ռազմական հանցագործներին»:
Փսակին հավելել է, որ Միացյալ Նահանգները միայն տեղեկատվություն է հավաքում, իսկ «դրանցով կզբաղվեն միջազգային կառույցները»։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա