ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ծինպինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Սա երկու առաջնորդների առաջին անձնական շփումն էր այս տարվա ընթացքում:
Քննարկման առանցքում, ըստ Associated Press-ի և Reuters-ի, եղել է Ուկրաինայի պատերազմը։ Ջո Բայդենը Սի Ծինպինին հորդորել է զերծ մնալ Ռուսաստանին ռազմական կամ տնտեսական օգնություն տրամադրելուց՝ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Կրեմլը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին օգնության համար։
«Նախագահ Բայդենը,- ասված է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ, - ուրվագծել է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների տեսակետները [ուկրաինական] ճգնաժամի վերաբերյալ… Նա մանրամասն կերպով նկարագրել է այն ազդեցությունն ու հետևանքները, որոնք կարող են առաջ գալ Մոսկվային Պեկինի աջակցության դեպքում:
Զրույցի ընթացքում, ինչպես հայտնում է Reuters-ը, Սի Ծինպինը Ջո Բայդենին ասել է, որ Չինաստանը չէր ցանկանա տեսնել Ուկրաինայում պատերազմի շարունակություն։ Նախագահ Սին նշել է, որ միջազգային իրավիճակը զգալիորեն փոխվել է իր և նախագահ Բայդենի միջեւ նոյեմբեր ամսին անցկացված դեմ առ դեմ հանդիպումից ի վեր, և հավելել, որ խաղաղության և փոխշահավետ զարգացման նախկին գլոբալ մտածելակերպն այժմ զգալի մարտահրավերների է բախվում:
Reuters-ը, հղում անելով չինական պետական ԶԼՄ-ներին, ասում է, որ Սին Բայդենին ասել է, որ հակամարտություններն ու առճակատումները, ինչպիսին Ուկրաինայում է, չեն բխում որևէ մեկի շահերից:
Այսօր ՉԺՀ-ի իշխանությունները կրկին բանակցությունների և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու իրենց կոչերն են հնչեցրել, սակայն միեւնույն ժամանակ մեղադրել են ԱՄՆ-ին` Կիեւին զենք մատակարարելով, Ռուսաստանին «սադրելու» և «հակամարտությունը սրելու» մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն էլ MSNBC-ին տված հարցազրույցում ասել, թե Չինաստանի առաջնորդը պետք է Վլադիմիր Պուտինին հորդորի «վերջ տալ Ուկրաինայում արյունալի պատերազմին»։