Արդյո՞ք Ռուսաստանը փոփոխություն իրականացրել է իր կարծր դիրքորոշման մեջ

Այսօր, երբ Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել Ուկրաինայի տարածքները, ուկրաինացի և ռուս պաշտոնյաները առցանց բանակցություններ են վարում:

Գովեստի խոսքեր ասելով հանդերձ բանակցությունների կապակցությամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միեւնույն ժամանակ նշում է, թե Ռուսաստանի կողմից չի տեսնում որևէ իմաստալից ջանք այս պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հրապարակած տեսանյութում ներկայացրել է իր տեսակետը: ‘’Բանակցություններում իմ առաջնահերթությունները բացարձակապես պարզ են՝ պատերազմի ավարտ, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության վերականգնում»։

Զելենսկին ասել է, որ Մոսկվան մարտադաշտում մինչ այժմ ավելի մեծ կորուստներ է կրել, քան Սիրիայում և Չեչնիայում կամ նույնիսկ Աֆղանստանում վարած պատերազմների ժամանակ: Եվ ահա փորձագետներն «Ամերիկայի Ձայն»-ին ասում են, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, զարմացած է Ուկրաինայում կատաղի դիմադրությունից, և որ այդ դիմադրությունն է նրան ստիպում իր դիրքորոշման մեջ կատարել փոփոխություններ:

Ինչպես Սկայպի միջոցով Ստոկհոլմի ազատ աշխարհի ֆորումից Անդերս Ասլունդն է ասում, ‘’Հետաքրքիր է, որ ռուսները, եթե նախկինում շեշտում էին Ուկրաինայի ապառազմականացման մասին իրենց պնդումները, այսօր խոսում են այստեղ սահմանափակ ռազմական ուժերի մասին, ինչն արդեն իսկ ռուսական մեծ զիջում է’’, ասում է նա ու ավելացնում, որ ռուսները կարծես թե ընդհանրապես հրաժարվել են Կիևում ռեժիմի փոփոխության իրենց գաղափարից։

Այլ փորձագետներ զգուշացնում են, որ ոչ մի ապացույց չկա այն մասին, որ Պուտինը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հետ բանակցություններին: Նրանցից Էրիկ Բրաթբերգն այն կարծիքին է, որ չնայած Ռուսաստանն այսօր խոսում է Ուկրաինայի համար ավստրիական կամ շվեդական տարբերակի մասին, որը մի տեսակ կնշանակեր Արեւմուտքի հետ կապեր պահպանող չեզոք Ուկրաինա, Ռուսաստանը շարունակում է էսկալացիան’’: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը մտքի մեջ է պահում իր նախկին պնդումները, ասում է վերլուծաբանը:

‘’Պուտինը միգուցե այնքան մեկուսացված է, որ նույնիսկ տեղյակ էլ չէ իրականության մասին’’, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը, ում խոսքերով, Պուտինը նույնիսկ կարող է չգիտի անգամ, որ ռուս զինվորականները սպառում են սննդամթերքի եւ վառելիքի պաշարները եւ կրում մարդկային նման թվով կորուստներ: ‘’Այդ դեպքում նա չի կարող բանակցություններին վերաբերվել անհրաժեշտ լրջությամբ’’, ասում է նա:

Իսկ առայժմ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, հուղարկավորությունները դարձել են սովորական ամենօրյա իրադարձություն Ուկրաինայում, երկիր, որն անհամբերությամբ է սպասում խաղաղությանը, առանց հրաժարվելու արեւմտյան իր դիրքորոշումից: