Զելենսկին նորից կոչ է անում ՆԱՏՕ-ին Ուկրաինան հայտարարել թռիչքազերծ գոտի

UKRAINE-CRISIS/KYIV-ARMS

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրն այցելել է զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորականներին: Տեսանյութում պատկերված զինվորներից մի քանիսը, ըստ Ռոյթերս գործակալության, վիրավորվել են Հոսթոմելում և Իրպինում՝ երկու քաղաքներ, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ընդդեմ ռուսական զորքերի։

Կիրակի օրը ավելի վաղ ռուսական հրթիռները թիրախավորել էին ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի հետ սահմանի մոտ գտնվող ուկրաինական խոշոր բազան:

Գրոհի հետևանքով 35 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 134-ը:

Ուկրաինան նաև հաղորդել է արևմուտքում գտնվող օդանավակայանի դեմ վերսկսված օդային հարձակումների, մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Չերնիգովի և հարավային Միկոլայև քաղաքի դեմ հարձակումների մասին: Ըստ տեղից ստացված հաղորդագրությունների, այս գրոհների արդյունքում ինը մարդ է զոհվել:

Չնայած շարունակվող պատերազմական գործողություններին, երկու կողմերն էլ հայտարարել են, թե կարծում են, որ երկկողմ բանակցություններում փակուղուց դուրս գալու ուղիներ հնարավոր է գտնել: Սակայն, ըստ Ռոյթերսի, կողմերն այլ մանրամասնություններ չեն հայտնում:

Պատերազմի 18-րդ օրը նախագահ Զելենսկին կրկնել է Ուկրաինայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի հաստատելու համար ՆԱՏՕ-ին հղված իր նախկին կոչը: Չնայած արեւմտյան Ուկրաինայում ռուսների կողմից կիրակի առավոտյան սկսված օդային գրոհներին եւ ամբողջ երկրի քաղաքներից հազարավոր խաղաղ բնակիչների տարհանմանը, Զելենսկին անհնազանդ է մնացել իր ուղերձում:

«Մենք հաղթելու ենք, քանի որ ուկրաինացիները գիտեն, թե ինչպես է հարկավոր միավորվել։ Մենք միշտ կարող ենք մեր հույսը դնել սեփական ժողովրդի վրա»,- ասել է նա՝ կիրակի օրը Կիևում մի անցակետ կատարած այցի ժամանակ: Զելենսկին եւ ռուսական կողմից բանագնաց Լեոնիդ Սլուցկին նույն օրը տարբեր առիթներով հայտարարել են, որ երկու

պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել, և հնարավոր է, որ շուտով ձեռք բերվեն պայմանավորվածությունների նախագծեր:

Ամենաշատը ռմբակոծված Մարիուպոլ քաղաքից հայտնում են, որ զոհվածների մեծ թվի պատճառով այստեղ փորում են զանգվածային գերեզմաններ: Մոսկվան հայտարարում է, որ գրավված քաղաքները կարող են դրվել Կրեմլի ‘’լիակատար կառավարման’’ ներքո: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն էլ մեղադրում է Արեւմուտքի երկրներին, որոնք, ըստ նրա, փորձում են իրենց պատժամիջոցների միջոցով ստեղծել պարտքը մարելու գործում ‘‘ֆինանսական արհեստական անկում’’:

Զելենսկին պատրաստվում է չորեքշաբթի օրը տեսաուղերձով հանդես գալ ԱՄՆ-ի Սենատի առջեւ: