Փոխպետքարտուղար Շերման. Մոսկվան հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինայի շուրջ լուրջ բանակցությունների հարցում

Պետքարտուղարի տեղակալը դա կապում է Վլադիմիր Պուտինի վրա ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումների հետ

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով բովանդակալից բանակցություններ վարելու պատրաստակամության նշաններ է ցույց տալիս, թեև Մոսկվան այժմ ձգտում է «ոչնչացնել» իր հարևանին, կիրակի ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը: Դրա մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Fox News Sunday-ին տված հարցազրույցում Շերմանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները «ահռելի ճնշում» է գործադրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ ստիպելով վերջինիս Ուկրաինայում հրադադար հաստատել և հումանիտար միջանցքներ տրամադրել խաղաղ բնակիչներին պատերազմական գոտուց տարհանելու համար:

«Այս ճնշումը սկսում է որոշակի ազդեցություն ունենալ։ Մենք որոշ նշաններ ենք տեսնում, որ իրական, լուրջ բանակցություններ կարող են տեղի ունենալ։ Բայց ես պետք է ասեմ, որ առայժմ թվում է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ոչնչացնել Ուկրաինան»,- պարզաբանում է Շերմանը:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Լեհաստանի հետ սահմանային ուկրաինական ռազմակայանի վրա, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ չի հավատում, որ ՆԱՏՕ-ի սահմանած ոչ թռիչքային գոտին Ուկրաինայի վրայով կարող էր կանխել դա:

Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ոչ թռիչքային գոտու ստեղծումը ԱՄՆ-ին կդրդի պատերազմել միջուկային տերություն Ռուսաստանի դեմ: