Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է միջուկային անվտանգության սկզբունքները խախտելու մեջ

ԱՄՆ-ն ուրբաթ օրը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային անվտանգության սկզբունքները խախտելու մեջ և ռուսական զորքերից պահանջել դադարեցնել ատոմակայանների հրթիռակոծումը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը թվիթերում գրել է, որ ճառագայթման մոնիտորինգի համակարգերը դեռ գործում են Ուկրաինայի մեծ մասում, սակայն Միացյալ Նահանգները անհանգստացած է Չերնոբիլի ատոմակայանի, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի ռադիացիոն մոնիտորինգի տվյալների բացակայությամբ, նշում է Ռոյթերս գործակալությունը:

Երկու օբյեկտներն էլ ներկայումս գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ, սակայն շահագործվում են ուկրաինացի անձնակազմի կողմից՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության որոշմամբ, որոնք սպառնում են օբյեկտների անվտանգությանը:

«Մենք շարունակում ենք անհանգստանալ Ռուսաստանի անխոհեմ գործողություններով և միջուկային անվտանգության սկզբունքների խախտումներով», - ասել է Գրանհոլմը:

«Մենք դիտարկում ենք Խարկովի գիտահետազոտական հաստատությանը հասցված վնասի մասին հաղորդումները: Կարճաժամկետ հեռանկարում անվտանգության սպառնալիքը փոքր է, սակայն միջուկային օբյեկտների ռուսական շարունակվող հրթիռակոծությունը պետք է դադարեցվի»,- ասել է նա։

Գրանհոլմը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել Չերնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարման վերականգնման մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ բելառուս մասնագետները վերականգնել են Չերնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումը։

Ներկայումս Ուկրաինան և նրա դաշնակիցները մտահոգված են այն ռիսկերով, որոնք առաջ են գալիս Ռուսաստանի ներխուժման հետևանքով ամբողջ երկրի միջուկային օբյեկտների, ներառյալ էլեկտրակայանների և հետազոտական կենտրոնների համար: