ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց ռուսական նավթի ներմուծումն արգելելու որոշման մասին

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը երեքշաբթի հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի և գազի ներկրումը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է Ռուսաստանի տնտեսության հիմնական զարկերակը»,- ասել է նախագահը։ «Մենք արգելում ենք ռուսական նավթի և գազի որեւէ ներմուծում: Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, և ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային», հայտարարեց Ջո Բայդենը:

Արգելքը վերաբերում է նաև ռուսական ածխին, CBS News-ին հայտնել է որոշմանը տեղյակ մի քանի աղբյուր:

ԱՄՆ-ն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել Եվրոպայում իր դաշնակիցների հետ, որոնք շատ ավելի մեծ կախվածություն ունեն ռուսական նավթի մատակարարումներից, քան ԱՄՆ-ը:

«Սպիտակ տունը նաև համակարգում է այս հարցը Կոնգրեսի առաջնորդների հետ, ովքեր աշխատում են Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու օրենսդրության արագացման ուղղությամբ: Սա Բայդենի վարչակազմին դրդում է արագ աշխատել», - իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնել են բարձրաստիճան երկու պաշտոնյաներ:

Սենատոր Քրիս Քունսը CNN-ին ասել է, որ Բայդենի վարչակազմը համակարգում է եվրոպական դաշնակիցների հետ և «ցանկանում է համոզվել, որ մենք հիմք ենք ստեղծում ռուսական էներգակիրների ներմուծման արդյունավետ արգելքի համար»:

«Մեզ մոտ` ԱՄՆ-ում կբարձրանա գազի գինը: Եվրոպայում գների կտրուկ աճ կգրանցվի. Սա Ուկրաինայի ժողովրդի ազատության և աջակցության գինն է, և մենք ստիպված կլինենք վճարել դրա համար», - ասել է սենատոր Քունսը:

2021 թվականին Միացյալ Նահանգները Ռուսաստանից ներմուծել է ամսական միջին հաշվով մոտ 20,4 միլիոն տակառ նավթ և նավթամթերք, ինչը ԱՄՆ-ի հեղուկ վառելիքի ներմուծման մոտ 8%-ն է:

Ավելի ուշ ստացված հաղորդագրությունների համաձայն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույնպես պատրաստվում է աստիճանաբար դադարեցնել ռուսական նավթի և այս հումքով պատրաստված ապրանքների ներմուծումը մինչև 2022 թվականի վերջը։

Այս անցումային շրջանը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար, որը կազմում է Մեծ Բրիտանիայի պահանջարկի 8%-ը, ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն նույնպես այսօր քայլեր է ձեռնարկել նվազեցնելու մայրցամաքի կախվածությունը ռուսական գազից՝ հայտարարելով, որ նպատակ ունի մինչև տարեվերջ կրճատել իր պահանջարկը երկու երրորդով: