ԱՄՆ-ն արժանահավատ տեղեկություններ ունի Ուկրաինայում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակումների մասին, կիրակի հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը փաստավավերագրում է դրա մասին տեղեկությունները՝ աջակցելու համար համապատասխան կազմակերպություններին Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում։
«Մենք տեսել ենք շատ արժանահավատ հաղորդումներ խաղաղ բնակչության դեմ կանխամտածված հարձակումների մասին, որոնք (կարող են) ռազմական հանցագործություն լինել», - ասել է Բլինքենը CNN-ի եթերում:
«…Այժմ մենք… փաստագրում և հավաքում ենք այդ ամենը… և հետևում, որ մարդիկ և համապատասխան կազմակերպություններն ու հաստատությունները հետաքննեն՝ արդյոք կատարվածը … պատերազմական հանցագործություններ են»,- պարզաբանել է պետքարտուղարության ղեկավարը։
Մոսկվան հերքում է, որ Ուկրաինայում ռուսական զորքերը թիրախավորում են խաղաղ բնակիչներին։
Ինչպես ՄԱԿ-ի բոլոր պետությունները, այնպես էլ Ռուսաստանը և Ուկրաինան ենթարկվում են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին, որոնք սահմանում են իրավական չափանիշներ պատերազմի ժամանակ և արգելում են քաղաքացիական անձանց վրա կանխամտածված հարձակումները:
Վլադիմիր Պուտինի նախաձեռնած պատերազմի ընթացքում արդեն ավելի քան 1.5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեենը կիրակի օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է լուրջ հետաքննություն անցակացնել՝ պարզաբանելու համար, թե արդյոք Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում։