Փորձագիտական առաքելությունը զեկույց կպատրաստի, որը կներկայացվի ԵԱՀԿ անդամ երկրներին, ինչպես նաև դատարաններին
Ուկրաինայի համաձայնությամբ ԱՄՆ-ը և 44 այլ երկրներ ակտիվացրել են ԵԱՀԿ մոսկովյան մեխանիզմը, որը փորձագիտական առաքելություն է ստեղծելու՝ ուսումնասիրելու համար Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով արձանագրված մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտման դեպքերը։
«Մենք տեսել ենք լրատվամիջոցների մտահոգիչ հաղորդագրություններ ռուսական ուժերի կողմից մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտման մասին, ներառյալ քաղաքացիական բնակչության զոհերի աճը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված մեծ վնասը», - ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«ԵԱՀԿ փորձագիտական առաքելությունն անաչառ աշխատանք կիրականացնի՝ փաստերն ու հանգամանքները բացահայտելու համար՝ կապված Ռուսաստանի ուժերի կողմից ԵԱՀԿ պարտավորությունների հնարավոր խախտումների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ», - հավելել է նա։
Փորձագիտական առաքելությունը զեկույց կպատրաստի, որը կտարածվի ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների շրջանում, ինչպես նաև կփոխանցվի ազգային, տարածաշրջանային և միջազգային դատարաններին ու տրիբունալներին, ասվում է հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները և մեր գործընկերները պատասխանատվության կենթարկեն Ռուսաստանին և նրա ուժերին Ուկրաինայում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար», - ասել է Փրայսը: