Թբիլիսին այս որոշումը կայացրել է Ուկրաինայից հետո՝ «հաշվի առնելով նոր իրողությունները»
Մարտի 3-ին Վրաստանը դիմում է ներկայացրել Եվրամիությանն արագացված ընթացակարգով անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Ըստ իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի, կառավարությունը ի սկզբանե նախատեսում էր ԵՄ-ին դիմել 2024 թվականին, սակայն «հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ենթատեքստը և նոր իրականությունը», իշխանությունները որոշեցին արագացնել գործընթացը։
«Մեր երազանքն ու քաղաքական նպատակն է, որ Վրաստանը դառնա տնտեսապես ուժեղ և ապահով եվրոպական երկիր։ Հենց այս նպատակին է ծառայում մեր կառավարության յուրաքանչյուր քայլն, այդ թվում՝ մեր այսօրվա որոշումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հատկանշական է, որ նախօրեին Իրակլի Կոբախիձեն լրատվամիջոցներին ասել էր, որ ԵՄ-ը ուղղված արագացման պահանջը «կարող է հակաարդյունավետ լինել», քանի որ Վրաստանը պետք է կատարեր «որոշ պայմաններ» առաջիկա երկու տարվա ընթացքում՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար։
Կոբախիձեն այնուհետև «քաղաքական ժեստ» անվանեց այն, որ Եվրամիությունն ընդունել է Ուկրաինայի դիմումը, որը, ինչպես նա պնդում էր, չէր կարող վերաբերել Վրաստանին և Մոլդովային։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին փետրվարի 28-ին հայտարարել էր, որ Ուկրաինան դիմել է ԵՄ-ը՝ արագացված ընթացակարգով իրեն թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու համար։ Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ընդունել է Ուկրաինայի դիմումը։
Հոդվածը պատրաստվել է Նեստան Չարկվիանիի նյութի հիման վրա