Ռուսաստանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ուկրաինայի մերձակայքում տեղակայված իր ուժերի մի մասը զորավարժությունների ավարտից հետո վերադառնում է իրենց բազաները: Ռուսաստանը չի նշել, թե Ուկրաինայի հյուսիսում, արևելքում և հարավում իր կուտակած մոտ 130,000 թվակազմով զինվորականներից քանիսն են դուրս բերվում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, Մոսկվան միշտ է հայտարարել, որ զորավարժությունների ավարտից հետո զորքերը կվերադառնան իրենց հենակետերը: ‘’Այս անգամ եւս բացառություն չէր’’, ասել է նա:
Սակայն ՆԱՏՕ-ի և ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք դեռևս դուրս գալու ապացույցներ չեն գրանցել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը լրագրողներին ասել է, որ Արևմուտքի գլխավոր ռազմական դաշինքը ողջունում է դիվանագիտական ջանքերի արդյունքը եւ Ուկրաինայի սահմանից զորքերը դուրս բերելու նշաններ ցույց տալու Ռուսաստանի դիրքորոշումը: «Սա տալիս է զգուշավոր լավատեսության հիմք», ասել է Ստոլտենբերգը։ «Բայց մինչ այժմ մենք ռուսական կողմից դեէսկալացիայի որևէ նշան չենք տեսել», ասել է նա:
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ Ռուսաստանը զորավարժությունների ընթացքում հաճախ է իր տեղում թողել զինտեխնիկան, պահպանելով արագ հետ վերադառնալու հնարավորությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նույնպես թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի հայտարարությանը։ «Մենք Ուկրաինայում ունենք ընդունված կանոն. չենք հավատում այն ամենին, ինչ լսում ենք, եւ հավատում ենք նրան, ինչ տեսնում ենք», ասել է Կուլեբան: ‘’Եթե այս հայտարարություններին հետևի իրական նահանջ, կհավատանք իրական դեէսկալացիայի սկզբին’’, ասել է նա:
Դեռեւս նախորդ օրն էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին ասել, որ վերջին երկու օրերի ընթացքում Ռուսաստանը «զինվորական կարողություններ է ավելացրել Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանի երկայնքով։
Հիշեցնենք, որ այս լարված ճգնաժամի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մերժել են ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինային հեռու պահելու Ռուսաստանի պահանջը, եւ հայտարարել են, որ պատրաստ են Կրեմլի հետ բանակցել Եվրոպայում հրթիռներ տեղակայելու հարցի շուրջ: Արեւմուտքը Ռուսաստանին նաեւ սպառնացել էր տնտեսական խստագույն պատժամիջոցներով:
Այս հոդվածի որոշ տեղեկություններ վերցված են Associated Press, France-Presse և Reuters գործակալությունների տրամադարած հաղորդագրություններից: