Վաշինգտոնում ռումբի կեղծ ահազանգների պատճառով տարհանվել են յոթ դպրոցներ

Ռումբի մասին ահազանգը կրկին ստացել է այն դպրոցը, ուր նախօրեին այցելել էր փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսինը

Վաշինգտոնում տարհանվել են 7 դպրոցներ, որոնք ստացել են ռումբի կեղծ ահազանգեր, հայտնում է Ռոյթերս գործակալությունը: Այս բոլոր դպրոցներում գերակշռում են աֆրոամերիկացի աշակերտներ:

Ահազանգ ստացած դպրոցներից մեկն այցելել էր ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսինը, հայտնել են պաշտոնական աղբյուրները:

Կոլումբիայի շրջանի ոստիկանության բաժինը հայտնել է, որ չորս պետական ​ և երեք մասնավոր դպրոցներ ահազանգեր են ստացցել պայթուցիկ սարքի սպառնալիքի մասին:

Վաշինգտոնի ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ Դանբարի անվան ավագ դպրոցում, որտեղ ահազանգի պահին գտնվում էր փոխնախագահ Հարիսի ամուսին Դուգլաս Էմհոֆը երեքշաբթի օրը, անցկացվեցին անհրաժեշտ միջոցառումներ. փոխնախագահի ամուսինը ուղեկցվեց անվտանգ վայր, իսկ դպրոցը, տարհանումից հետո, ենթարկվեց մանրամասն ստուգման՝ պայթուցիկ հայտնաբերելու նպատակով: Ստուգումների արդյուքում որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:

Իշխանությունները այս սպառնալիքների շարքում չեն մատնանշում ռասայական գործոնը: Ոստիկանությունում ասում են, որ երեքշաբթի տեղի ունեցած միջադեպը, ըստ երևույթին, ուղղված չէր Էմհոֆի դեմ, ով դպրոցում էր Աֆրոամերիկացիների պատմության ամսվա միջոցառման շրջանակում:

Սակայն միջադեպերը մտավախություն են առաջացրել աֆրոամերիկյան համայնքի շրջանում, որն արդեն անհանգստացած էր անցյալ շաբաթ առնվազն մեկ տասնյակ կեղծ ռումբի ահազանգներից քոլեջներ և այլ կրթական հաստատություններ, որտեղ ուսում են ստանում մեծ մասամբ աֆրոամերիկացիները: