Մեծ Բրիտանիան Ռուսաստանին հինգշաբթի օրը կոչ է արել կիրառել «դիվանագիտական եղանակներ, խուսափելու համար Ուկրաինայի շուրջ առաջ եկած լարվածությունը հակամարտության վերածելու եւ արյունահեղություն սկսելու հնարավորությունից: Լոնդոնը կոչ է անում Մոսկվային հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
«Ուկրաինայում պատերազմը աղետալի կլինի ռուս և ուկրաինացի ժողովուրդների և եվրոպական անվտանգության համար: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ ցանկացած ներխուժում դեպի Ուկրաինա կունենա հսկայական հետևանքներ և կհարուցի մեծ կորուստներ», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Արևմտյան կառավարությունները կոչ են անում Ռուսաստանին քայլեր ձեռնարկել ճգնաժամի թուլացման ուղղությամբ, երկիր, որն ավելի քան 100,000 թվակազով զորքել է տեղակայել Ուկրաինայի սահմանին, ռազմանավեր տեղափոխել դեպի Սև ծով և հավելյալ ուժեր ու զինտեխնիկա ուղարկել Ուկրաիանային սահմանակից Բելառուս:
Լավրովը հինգշաբթի օրն ասել է, որ միայն «փոխադարձ հարգալից երկխոսությունը» կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման։ «Գաղափարախոսական մոտեցումները, վերջնագրերը, սպառնալիքները ոչ մի տեղ մեզ չեն կարող տանել»,- ասել է Լավրովը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին չորեքշաբթի օրը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում էսկալացիոն քայլեր է ձեռնարկում, և Միացյալ Նահանգները հույս ունի, որ Մոսկվան հետ կկանգնի այդ քայլերից:
«Երբ ընթանում են Ռուսաստանի այս զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, մենք կրկին գալիս ենք այն եզրահանգման, որ սա ավելի շատ էսկալացիոն և ոչ թե դեէսկալացիոն գործունեություն է», ասել է Սաքին:
Ռուսաստանը զորավարժությունների համար Բելառուս է տեղափոխել S-400 «երկիր-երկինք» տիպի հրթիռային համակարգեր և բազմաթիվ կործանիչներ: Զորավարժությունները ղեկավարում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում՝ «աննախադեպ անվտանգության սպառնալիքների» դեմ պայքարելու համար։
Ուկրաինայի կողմից անցկացվող զորավարժություններին մասնակցում են անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ, որոնք մատակարարվում են Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների կողմից:
Հետախուզության հարցերով արևմտյան փորձագետները կարծում են, որ Ուկրաինայի դեմ հնարավոր հարձակում իրականացնելու նպատակով Ռուսասանն Ուկրաինայի շուրջ է կուտակել իր ռազմական ուժերի մոտ 70%-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է, որ ծրագրում է ներխուժել Ուկրաինա, սակայն Արևմուտքից պահանջել է մերժել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը:
Արևմուտքը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու հարցում Ռուսաստանը չունի վետոյի իրավունք: Արեւմուտքը սակայն հայտարարում է նաեւ, թե պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ Արևելյան Եվրոպայում հրթիռներ տեղակայելու և ՆԱՏՕ-ի պարբերական զորավարժությունների շուրջ:
Այս հաղորդագրության համար կիրառվել են Associated Press, France-Presse և Reuters լրատվական գործակալություններից ստացված լուրերը: