Ամերիկացի օրենսդիրները կարող են ընդհանուր հայտարարի գալ պատժամիջոցների հարցում, որի նպատակն է հետ պահել Ռուսաստանի նախագահին Ուկրաինա ներխուժելուց: Մի քանի օրենսդիրներ, ովքեր վերջերս են վերադարձել Կիևից, ասում են, որ առկա է երկկուսակցական միասնություն այս հարցի շուրջ
Մոտ 127 հազար ռուսաստանցի զինվորականներ այժմ կուտակվել է Ուկրաինայի սահմանների երկայնքով: Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինն աշխարհին ասում է, որ իր պահանջները, ներառյալ խոստումը, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ի դաշինքին, չեն կատարվել:
Ամերիկացի օրենսդիրներն այժմ պատրաստում են մի շարք պատժամիջոցներ՝ Եվրոպայում հակամարտությունը կանխելու համար:
«Իհարկե, շահագրգռվածություն չկա իրավիճակը որևէ ռազմական հակամարտության շուրջ սրելու մեջ: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր կլինի լուծել բազմակողմանի դիվանագիտության միջոցով: Կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է, և ես հուսով եմ, որ նախագահ Բայդենը կկարողանա դա հաջողությամբ իրականացնել»,- ասում է դեմոկրատ սենատոր Քիրսթեն Գիլիբրանդը:
Կոնգրեսի հանրապետականները քննադատում են Բայդենի վարչակազմին՝ Պուտինին հետ պահելու համար արագ քայլեր չձեռնարկելու պատճառով:
«Ներխուժումից հետո պատժամիջոցներն ավելի քիչ արդյունավետ են, քան մինչ այդ, և ես հուսով եմ, որ վարչակազմը դա նկատի կունենա, երբ նրանք առաջ շարժվեն»,- նշել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը:
Չնայած դրան՝ օրենսդիրները ցուցաբերում են միասնության հազվագյուտ դրսևորում. Երկու կուսակցությունների օրենսդիրներն առաջ են շարժվում երկկողմանի պատժամիջոցներ հաստատելու օրենսդրության ուղղությամբ, որը լրջորեն կազդի ՌԴ տնտեսության վրա:
«Նա պետք է արդյունահանի իր նավթը, ինչպես Սադամ Հուսեյնը և վաճառի այն սև շուկայում: Դա միակ ճանապարհն է իր համար նավթը դուրս բերելու, քանի որ նա կարող չի լինի անել դա բանկային գործարքի միջոցով: Սա, հավանաբար, պատժամիջոցներից ամենակործանարարն է»,- նշել է սենատոր Մարկ Գրինը:
Դեմոկրատները ցանկանում են օգտագործել ամենախիստ պատժամիջոցներից մեկը միայն այն դեպքում, եթե Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա:
«Եթե պարոն Պուտինը ներխուժի, գիտեք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը չի գործի և հավանաբար երբեք չի ավարտվի: Եվ դա մեծ տնտեսական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Մենք, հավանաբար, երկկուսակցական լայն աջակցության շնորհիվ կանցկացնենք պատժամիջոցների ամենամեծ փաթեթը, որը երբևէ չի ընդունվել: Մեզանից ոչ ոք չի ցանկանում դա անել, քանի որ մենք հասկանում ենք, որ դա ազդում է ռուսաստանցի ժողովրդի վրա: Բայց սա ընտրություն է, որը կատարում է պարոն Պուտինը»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Ամի Բերան:
Կոնգրեսի անդամները, ովքեր վերջերս մեկնել էին Ուկրաինա և հանդիպել տեղի պաշտոնյաների հետ, ասում են, որ ամերիկյան օգնության շնորհիվ ուկրաինացիները կզինվեն՝ ռուսական սպառնալիքի ներքո: Նրանք նաև միասնություն ունեն ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:
«Այն, ինչ ինձ ցնցեց, և ես վստահ եմ, որ սա Պուտինի ագրեսիայի ուղիղ հետևանքն է, դա միասնությունն էր: Երբ մենք առաջինը այցելեցինք Բրյուսել և հանդիպեցինք ԵՄ-ի մեր գործընկերների և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, ապա մենք բոլորս միասնական էինք՝այս տեսակի ագրեսիային դիմակայելու և ազատության համար պայքարող ժողովրդավարական երկրին օգնելու հարցում»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Միկի Շերիլը։
Իսկ այդ ընթացքում Միացյալ Նահանգները հայտարարել է, որ շուտով ևս երկու հազար զինվորական կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա։