Դատարանը մերժել է Նավալնիի, որպես ծայրահեղական, գրանցումից հանելու պահանջը

Վլադիմիրի շրջանի դատարանը մերժել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Պոկրովի թիվ 2 քրեակատարողական հիմնարկի, որով նա պահանջում էր իրեն հաշվառումից հանել որպես ծայրահեղական և ահաբեկիչ, հայտնում է Sota-ն։

«Ես նստած եմ այս բանտում և գրանցված եմ որպես ծայրահեղական և ահաբեկիչ, քանի որ մեր կառավարությունը բաղկացած է ոչ միայն գողերից ու կեղծարարներից, այլև պարզապես պաթոլոգիկ ստախոսներից, որոնք պետք է բոլորին մեղադրեն ինչ-որ հրեշավոր բաների մեջ։ Ամբողջապես կամայականորեն ասել են. «Նա ահաբեկիչ է»,- դատարանի իր ելույթում ասել է Նավալնին։

Անցյալ տարվա հոկտեմբերին Նավալնին նշել է, որ քրեակատարողական հիմնարկում իրեն հանել են հաշվառումից՝ որպես փախուստի հակված և հաշվառել այլ տեղ՝ որպես ծայրահեղականությանը և ահաբեկչությանը հակված կալանավոր:

Ավելի վաղ Նավալնին և նրա մի քանի համախոհներ ներառվել էին «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Գրանցամատյանում ընդգրկված անձանց բանկային հաշիվները սառեցված են: Անցյալ տարվա հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանը դատախազության պահանջով ծայրահեղական որակեց ընդդիմադրի կառույցները և արգելեց դրանց գործունեությունը։

2021 թվականի մարտից Ալեքսեյ Նավալնին գտնվում է Վլադիմիրի շրջանի Պոկրովի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա կրում է իր պատիժը, այսպես կոչված, «Իվ Ռոշեի» գործով։ Նրա, իր համախոհների և իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով Նավալնիի կալանավորումն ու պայմանական ազատազրկումն իրականով փոխարինելն ունի քաղաքական դրդապատճառ:

Դատավճռի համաձայն՝ քաղաքական գործիչը պետք է ազատ արձակվի ոչ ուշ, քան 2023 թվականի աշնանը։ Նրա նկատմամբ, սակայն, եւս մի քանի քրեական գործեր են հարուցվել։