Երեքշաբթի օրն ԱՄՆ-ի կառավարությունը սկսեց ոչ վիրաբուժական «N95» դիմակների անվճար բաշխումը հանրությանը: Ընդհանուր հաշվով բաժանվելու է նման 400 միլիոն դիմակ:
N95 տիպի դիմակները օդից զտում են մասնիկների առնվազն 95%-ը, ինչը մեծապես է պաշտպանում այն կրողին COVID-19 հիվանդությունից:
Մինչ այդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս է ենթարկվել դիմակների կիրառումը բավարար չափով չխրախուսելու համար քննադատության: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ վերջերս նաեւ հասանելի դարձան կայքերի միջոցով անվճար տնային թեստերը:
Վերջին շաբաթների ընթացքում ‘’Ամազոն’’ կայքում նկատելիորեն աճել է N95 տիպի պաշտպանիչ դիմակների նկատմամբ մարդկանց պահանջարկը: Հիվանդանոցներն էլ հաղթահարել են այս դիմակների պակասի խնդիրը, որն առաջ էր եկել համավարակը տարածվելուց ի վեր:
Դեկտեմբերի 29-ի դրությամբ ԱՄՆ-ի կառավարության ռազմավարական ազգային պահոցում եղել է 747 միլիոն N95 տիպի դիմակ, ինչը 59 անգամ գերազանցում է մինչ համաճարակային մակարդակը: Այս մասին է հայտնում ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը: