Սիրիայի Հասաքայի բանտի մոտ վեց օր շարունակ ընթանում են անդադար մարտեր

Syria IS

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքայի բնակիչները հինգերորդ գիշերն անընդմեջ հայտնվել են կրակոցների եւ պայթյունների ներքո, երբ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև մարտերը շարունակվում են արդեն վեցերորդ օրը:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիացի քուրդ զինյալներն առաջ են շարժվել դեպի անցած հինգշաբթի օրը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից հյուսիս-արևելքում գրավված Գվեյրանի բանտի վերջին մասնաճյուղը:

Սիրիայի քրդական ջոկատի՝ YPG-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են քուրդ մարտիկները կրակում բանտի ուղղությամբ և իրականացնում բանտին մոտենալու գործողություններ: Մինչ այժմ Սիրիայի դեմոկրատական ուժերի պաշտոնյաները հայտնել են, որ ‘’Դաեշ’’-ի ավելի քան 180 գրոհայիններ և բանտարկյալներ են սպանվել, մինչդեռ իրենք կորցրել են 28 մարտիկ:

Նույն հաղորդագրության համաձայն, նաեւ հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Նրանցից առնվազն մեկին ծայրահեղականները գլխատել են, երբ վերջինս նրանց թույլ չի տվել մտնել իր տուն:

ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան մեծացրել է Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF) իր աջակցության ծավալները, որպեսզի օգնի նրանց նորից իրենց վերահսկողությունը հաստատեն այս բանտում: Ամերիկյան ուժերը ներկա պահին զրահամեքենաներ են տեղափոխում դեպի ռազմական գործողությունների բեմահարթակ: Ամերիկյան ուժերը նաեւ օգնում են անվտանգության հարցերում` ապահովելով օդային հետախուզության եւ օդային ճշգրիտ հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ տվյալներ:

ՄԱԿ-ի տվյալներով, առնվազն 45,000 մարդ է տեղահանվել վերջին այս մարտերի ընթացքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում բոլոր կողմերին ապահովել «անխոչընդոտ մարդասիրական մուտք» դեպի բանտի շրջակա տարածքներ: