Ելման դրություն. Արեւմուտքը զորքեր է տեղակայում արեւելաեվրոպական երկրներում, Ռուսաստանը`Բելառուսում

ԱՄՆ-ից մարտական զենքերի ու զինամթերքի մատակարարումների առաջին խմբաքանակն Ուկրաինա հասավ այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաները պայմանավորվեցին շարունակել աշխատանքները լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը նախազգուշացրեց Ուկրաինայում իշխանությունը ռուսամետ ինչ որ նախագահի հանձնելու Մոսկվայի ծրագրերի մասին: Մի բան, ինչը Մոսկվան հերքում է:

Ըստ The New York Times օրաթերթի, Միացյալ Նահանգներն արեւելաեվրոպական երկրներ կուղարկի 1000-ից 5000 թվակազմով ուժեր, եթե իրադրությունը շարունակի սրվել:

Կիրակի օրը, ելույթ ունենալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրում,՝ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Քունսը կոչ արեց ԱՄՆ-ին արդեն իսկ սկսել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի:

«Հարկավոր է կիրառել այնպիսի խիստ պատժամիջոցներ, ինչպես Իրանի դեպքում, որոնք ստիպեցին Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», ասել է նա:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում Մեծ Բրիտանիան եւս, որը նաեւ սպառազինություն է մատակարարում Ուկրաինային: Լոնդոնը հավելյալ ռազմանավեր ու կործանիչներ է ուղարկում դեպի արեւելաեվրոպական ՆԱՏՕ-ի անդամ պետություններ:

Արևմուտքի հետ լարվածության այս պայմաններում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հրապարակեց ռուսական, իրանական և չինական ռազմանավերի մասնակցությամբ Օմանի ծոցում համատեղ զորավարժությունների մասին լուսանկարներ:

Ռուսական կործանիչները սկսել են թռիչքներ կատարել դեպի Ուկրաինայի հարևան Բելառուս, որտեղ տեղի իշխանությունները հայտարարում են մարտական պատրաստության զորավարժություններ սկսելու մասին:

Արեւմուտքի հետ Ռուսաստանի գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի կողմից դեպի Ուկրաինա ընդարձակումը կանխելն է: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը մերժում են Ռուսաստանի այս պահանջը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս կառույցի ղեկավարները երկուշաբթի օրը հայտարարել են, որ նաեւ այս դաշինքի կողմից են հավելյալ ռազմանավեր ու կործանիչներ ուղարկվում դեպի արևելյան Եվրոպա:

«ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու… բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ ուժեղացնելով դաշինքի արևելյան հատվածը», ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հայտարարության մեջ: