ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի կառավարման առաջին տարին

1,9 տրիլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի օգնության փաթեթը, որն ուժի մեջ մտավ անցյալ տարվա մարտ ամսին, մեծապես օգնեց ամերիկյան բիզնեսներին և բազմաթիվ ընտանիքների` դիմակայելու համաճարակի ֆինանսական ծանրազդեցությանը: Ըստ այդ փաթեթի, միլիոնավոր ամերիկացիներ ստացան 1,400-ական դոլար, ինչպես նաեւ` ամենամսյա վճարումներ, ինչը թույլ տվեց կրճատել աղքատության մակարդակն այստեղ:

Սակայն շատերի համար ԱՄՆ-ում գների արագ աճը նվազագույնի է հասցրել այդ օգնության ազդեցությունը:

Սպառողական գները դեկտեմբեր ամսին նախորդ տարվա համեմատ արձանագրել են 7%-ի աճ, ինչն անցած 40 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր գնաճն է։ Գնաճը թուլացրել է տնտեսության վերականգնումն անցած տարվա ընթացքում, որը վարչակազմի կարծիքով ցույց է տվել աշխատատեղերի ամենամեծ աճն ամերիկյան պատմության մեջ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համեմատական սահուն ներդրումը պաշտպանություն ապահովեց ավելի քան 200 միլիոն ամերիկացիների համար: Անցյալ տարվա ընթացքում մի կարճ ժամանակով, մինչեւ օմիկրոն ենթատեսակի տարածումը, իրադրությունը նույնիսկ կայունացել էր:

Այսպիսով, համավարակը և գնաճը դարձան այն երկու հիմնական գործոնները, որոնց պատճառով անկում ապրեց Ջո Բայդենի վարկանիշը, իջնելով մինչեւ 45 տոկոսի:

Դժվարություններ է հարուցում նաեւ Բայդենի օրենսդրական օրակարգը: Նաեւ հանրապետականների աջակցությամբ նա առաջ քաշեց 1 տրիլիոն դոլար արժողությամբ ենթակառուցվածքների մասին օրենքը, ինչը ԱՄՆ-ի պատմության ընթացքում պետական ենթակառուցվածքներում կատարված ամենախոշոր ներդրումն է:

Որպես մեծ ու դժվարին աշխատանք, Բայդենի առջեւ է նաեւ Build Back Better ծրագիրը, որը վերաբերում է 1 տրիլիոն 750 միլիարդ դոլարի համարժեք սոցիալական ծախսերին և կլիմայի փոփոխության ծրագրին:

Վարկանիշի անկման պայմաններում Բայդենի առջեւ դրված օրակարգի մեջ են նաեւ օրենսդրական փոփոխության հարցեր: Խոսքն ընտրելու իրավունքի երկու օրինագծերի մասին է, որոնք զգալիորեն կընդլայնեն ընտրությունների նկատմամբ դաշնային կառավարության վերահսկողությունը:

Սակայն, չնայած բաժանված ժողովրդի վերքերը բուժելու Բայդենի խոստումներին, 2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի դեմ իրականացված գրոհից հետո ամերիկացիները դեռևս խորապես բևեռացված են: Հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականներից շատերն են դեռեւս հավատում նախկին նախագահի կողմից առաջ քաշված անհիմն այն պնդումներին, որ 2020 թվականի ընտրությունները եղել են կեղծված ու գողացված:

Այս պայմաններում է Ջո Բայդենը շարունակելու նախագահել երկիրը, իր առջեւ դնելով իր վարկանիշը բարձրացնելու խնդիր: