Ղազախստանում ՀԱՊԿ-ի զինված ուժերը կատարել են առաջադրանքը և այժմ կարող են պատրաստվել փուլային դուրսբերմանը, երեքշաբթի օրն ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի խորհրդարանի և նախօրեին ձևավորված նախարարների նոր խորհրդի համատեղ նիստի ժամանակ։
«Բոլոր մարզերում իրավիճակը կայուն է։ Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, եւ երկու օրից կսկսվի խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը, ինչը կտևի ոչ ավելի, քան 10 օր’’, ասել է Տոկաևը:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մոտ 10 հազար ցուցարարների։ Գործնականում ուժայինները հանրապետությունում օրական ձերբակալում են մինչև 2 հազար մարդ։ Ղազախստանի ոստիկանությունն այսօր հրապարակել է Ալմաթիի և Շիմքենթի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները հարձակվումներ գործում ընդդեմ ոստիկանների և այրում մեքենաներ:
Ինչպես հայտնել է KTK հեռուստաալիքի փոխտնօրեն Դաուրեն Մերկեևը, երկրի հարավային մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել են լրագրողներ, ղազախական լրատվամիջոցների որոշ խմբագրություններ թալանվել և այրվել են։
Մի քանի օր տեւած բողոքի ակցիաների արդյունքում ամբոխի կողմից թալանի ենթարկվելուց հետո բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ են սնանկացել:
Իրավիճակի կայունացման, ձևավորված նոր կառավարության և դավաճանության կասկածներով Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Քարիմ Մասիմովին կալանավորելու մասին լուրերից հետո հատկապես ուշագրավ են երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին տեղեկությունները։ Խոսքը ոստիկանության մարզային վարչության մի պետի և ազգային անվտանգության կոմիտեի մի աշխատակցի մահվան դեպքերի մասին է:
Ինչպես հաղորդում են պաշտոնատար անձինք, «Ոստիկանապետը ինքն իրեն կրակել է իր աշխատասենյակում։ Ազգային անվտանգության աշխատակցի մահվան հանգամանքների մասին դեռեւս ստույգ տեղեկություններ չկան:
Պաշտոնական տվյալներ դեռեւս չկան ցույցերի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին։ Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել էին հունվար ամսին ավտովառելիքի թանկացումից հետո։ Որոշ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում, բողոքի ցույցերը վերաճել էին ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում գրոհների էին ենթարկվել կառավարական շենքեր, թալանի ենթարկվել բազում խանութներ:
Հունվարի 5-ից հայտարարվել է արտակարգ դրություն, որը հավանաբար կշարունակվի մինչև հունվարի 20-ը։