Ղազախստանի նախագահը բողոքի ցույցերը համարում է հեղաշրջման փորձ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը դիմակայել է հեղաշրջման փորձ, որը, նրա խոսքերով, համակարգված է «մեկ կենտրոնի» կողմից:

«Պարզ դարձավ, որ վերջին ցույցերի հիմնական նպատակը «սահմանադրական կարգը տապալելն ու իշխանությունը զավթելն էր», ասել է նա։

Տոկաևը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առցանց գագաթաժողովում։

Նախկին խորհրդային հանրապետության ղեկավարը, ցույցերը ցրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանին ու նրա նախագահ Պուտինին, որից հետո Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի մի քանի այլ անդամներ այստեղ էին ուղարկել զորքեր:

Ռուսաստանի ղեկավարն ասել է. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մեր պետությունների ներքին գործերին արտաքինից միջամտելու առաջին և վերջին փորձը չէ»:

Բողոքի ցույցերը դադարեցնելու նպատակով նախագահ Տոկաևն արձակել է ցուցարարներին կրակելու հրաման` թույլ տալով անվտանգության ուժերին առանց նախազգուշացման կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:

Երկուշաբթի օրը սգո օր է հայտարարվել անկարգությունների ժամանակ զոհվածների համար։

Բողոքի ակցիաները պայմանավորված էին վառելիքի գնի բարձրացմամբ, որոնք այնուհետեւ վերածվեցին երկրի ավտորիտար կառավարման դեմ դժգոհության ալիքի:

Ղազախստանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ցույցերի ժամանակ 164 մարդ է զոհվել, սակայն կիրակի օրը, տվյալ թիվը համարելով անճշտության հետեւանք, իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը:

Նախարարությունը նաև հայտնել է, որ բռնության հետևանքով մահացել է 26 «զինված հանցագործ» և անվտանգության 16 աշխատակից։

Նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է մոտ 8000 մարդ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ABC-ի «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ ասել է, որ Ղազախստանն ‘’ունի օրենքը և կարգը պահպանելու կարողություն` պաշտպանելու համար պետական ինստիտուտները: ‘’Սակայն դա անելու համար հարկավոր է հարգել խաղաղ ցույցեր անցկացնելու մարդկանց իրավունքը’’, ասել է նա:

Ցույցերը սկսվելուց եւ բռնությունների վերածվելուց հետո Տոկաևը ստիպված եղավ ցրել երկրի կառավարությունը եւ պաշտոնից ազատել իր գլխավոր խորհրդատու, երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Նազարբաևը Ղազախստանը ղեկավարել էր 1990-ից մինչև 2019 թվականը:

Իշխանությունները հայտարարել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովի ձերբակալության մասին՝ պետական դավաճանության կասկածանքով։

Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր Էրիկա Մարաթը The New York Times-ին ասել է, որ Տոկաևը «իր երկրի ինքնիշխանությունը փոխանակել է Ռուսաստանի հետ՝ հանուն իր սեփական իշխանության և կլեպտոկրատ վերնախավերի շահերի»: