Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի օրը հավանություն տվեց կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի դեմ պայքարի գործում պատվաստանյութերի կիրառման մասին նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրին:
Այս շաբաթվա սկզբին Մակրոնը Le Parisien թերթին ասել էր, թե ցանկանում է COVID-19-ի դեմ պատվաստումներից խուսափող անձանց կյանքն ‘’այնքան բարդացնել’’, որ նրանք ստիպված լինեն ենթարկվել պատվաստումների: Նա ակնարկել էր հասարակական վայրերում նման անձանց մուտքն արգելելու հնարավորության մասին:
12-ից բարձր տարիքի մարդկանց ավելի քան 90%-ը ստացել է առնվազն երկու դեղաչափ: Այս մասին, ըստ Ռոյթերս գործակալության, ցույց են տալիս կառավարության տվյալները: Կառավարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ից ի վեր ռեկորդային թվով մարդիկ են Մակրոնի հայտարարությունից հետո մեկ օրվա ընթացքում ենթարկվել պատվաստումների:
Ստորին պալատի օրենսդիրներն ընդունեցին օրենքի նախագիծը ձայների 214-ը 93-ի դեմ հարաբերակցությամբ: Օրինագծին դեմ քվեարկածներից շատերը ծայրահեղ աջերից կամ ձախակողմյաններից են:
«Որպես քաղաքացիներ, մենք ունենք իրավունքներ, ազատություններ, բայց ունենք նաև պարտականություններ: Եվ այս ճգնաժամի պայմաններում մենք բոլորս պարտավոր ենք կատարել մեր անհատական պարտականությունները, որպեսզի կարողանանք միասնաբար հաղթահարել այս ճգնաժամը», - ասել է օրենսդիր Գիյոմ Գուֆիե-Չան, որը նեկրայացնում է Մակրոնի «La Republique en Marche» կուսակցությունը։
Օրենքի նախագիծն այժմ դրվելու է Սենատի քննարկմանը, որից հետո հանձնվելու է Ազգային ժողովի վերջնական հաստատմանը:
Վարչապետ Ժան Կաստեքսը գոհունակություն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ և ասել, թե հուսով է, որ ըստ ծրագրվածի, նոր կանոնը ուժի մեջ կմտնի հունվարի 15-ից:
Ֆրանսիայում մարդիկ արդեն մի քանի ամիս է, որ հասարակական այնպիսի վայրեր, ինչպիսիք են կինոթատրոնները և սրճարանները, մուտք գործելու եւ գնացքներից օգտվելու համար պարտավոր էին ցույց տալ կամ պատվաստման մասին ապացույց կամ COVID-19 թեստի բացասական պատասխան: Բայց Delta և Omicron ենթատեսակների արագ տարածման պատճառով կառավարությունը որոշեց հրաժարվել թեստերի պատասխանները պահանջելու մասին կետից, շեշտը դնելով միայն պատվաստման մասին ապացույցների վրա:
Պատվաստանյութի ընդունման կանոնները կկիրառվեն 16-ից բարձր տարիք ունեցող անձանց դեպքում:
Օրինագծի քննադատները վիճարկում են կառավարության այս քայլի սահմանադրականությունը, որը նրանք համարում են չպատվաստվածների նկատմամբ խտրականություն:
Չորեքշաբթի օրը Ֆրանսիան գրանցել է COVID-19-ի ավելի քան 332,000 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է այստեղ: Նույն օրը գրանցվել է հիվանդանոցներում մահվան 246 դեպք:
Ռոյթերս լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ Իտալիան պարտադիր է դարձրել COVID-19-ի դեմ պատվաստումը 50 տարեկանից բարձր տարիք ունեցող բոլոր մարդկանց համար: Ընդ որում, ուսուցիչներն ու հանրային առողջապահության ոլորտի աշխատողներն արդեն իսկ պարտավոր են լինել պատվաստված: