Հինգշաբթի օրը Արևելյան Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի թիվն անցել է 1 միլիոնը, երբ ըստ Reuters-ի տվյալների, Omicron ենթատեսակն արագ տարածվում է այստեղ:
Ըստ հաշվարկների, Եվրոպայում ամենօրյա մահացության ամենաբարձր թվեր գրանցած հինգ երկրներից երեքը արեւելյան հատվածից են: Խոսքը Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի մասին է։
Չնայած Արևելյան Եվրոպան կազմում է տարածաշրջանի բնակչության 39%-ը, այստեղ է գրանցվել Եվրոպայում COVID-ի հետ կապված մահերի ընդհանուր թվի կեսից ավելին:
Լեհաստանի Ընտանեկան բժիշկների քոլեջի խոսնակը պատճառների շարքում է դասում ծանրաբեռնված առողջապահական համակարգը, գիտելիքների պակասը և Արևմուտքի համեմատ` պատվաստվելու դժկամությունը:
Ռուսաստանն այժմ առաջ է անցել Բրազիլիայից՝ մահացության ամենաբարձր թվերն ունեցող երկրների շարքում գրանցելով երկրորդ տխուր տեղը: Այն այժմ զիջում է միայն ԱՄՆ-ին:
Չեխիան և Հունգարիան գլխավորում են Արևելյան Եվրոպայի պատվաստումների մակարդակը: Երկու երկրների բնակչության գրեթե 64%-ը ստացել է առնվազն մեկ չափաբաժին:
Ուկրաինան, ըստ ‘’Ռոյթերս’’-ի, ունի ամենացածր ցուցանիշը, որի բնակչության միայն 33%-ը ստացել է առայժմ միայն մեկ չափաբաժին: