ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը, երբ Վաշինգտոնը շարունակում է քննարկումները դաշնակիցների հետ` Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական կուտակումներին ընդհանուր պատասխան տալու համար:
Բայդենը և Պուտինը կքննարկեն մի շարք թեմաներ, ներառյալ Ռուսաստանի հետ առաջիկա դիվանագիտական հարաբերությունները, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ:
Հորնի խոսքերով, Բայդենը խոսել է Եվրոպայի բոլոր առաջնորդների հետ Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի մասին, մինչդեռ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները կապի մեջ են եղել ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ:
Մոսկվան անհանգստացրել է Արևմուտքին՝ վերջին երկու ամիսներին տասնյակ հազարավոր թվակազմով զորքեր կուտակելով Ուկրաինայի մերձակայքում՝ 2014 թվականին Ղրիմի թերակղզու բռնազավթումից և Արևելյան Ուկրաինայում Կիևի զորքերի դեմ պայքարող անջատականներին աջակցելուց հետո:
«Բայդենի վարչակազմը շարունակում է լայնածավալ դիվանագիտություն վարել մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ՝ խորհրդակցելով և համակարգելով ընդհանուր մոտեցման շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական կուտակումների», - ասել է Հորնը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ երկու նախագահների միջեւ հեռախոսազրույցը նախատեսված է «հինգշաբթի ուշ երեկոյան»:
Հնարավոր զրույցի մասին Բայդենին հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել էր` «կտեսնենք»:
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, բանակցություններ կանցկացնեն նաև հունվարի 12-ին, որից մեկ օր անց ավելի ընդգրկուն հանդիպում կանցկացվի Մոսկվայի, Վաշինգտոնի և եվրոպական այլ երկրների մասնակցությամբ: