Բանակցություններում, որի ստույգ ժամկետը հայտնի է դարձել երկուշաբթի օրը, կքննարկվեն ԱՄՆ-ի և դաշնակից երկրների մտահոգությունները Ուկրաինայի շուրջ աճող լարվածության վերաբերյալ։
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ‘’France Presse’’-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի հետ աշխատանքին»:
«Երբ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը կարող է հայտնել իր մտահոգությունները, մենք էլ կհայտնենք մեր մտահոգությունները Ռուսաստանի գործունեության վերաբերյալ»,- հավելել է աղբյուրը։
Բայդենի վարչակազմը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները Մոսկվայի հետ պետք է տեղի ունենան եվրոպական դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ։
Երեքշաբթի օրը ‘’France Presse’’ գործակալությանը վարչակազմի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ‘’Հարի Թրումեն’’ ատոմային ավիակիր նավին ուղեկցող օդային ուժերին հրամայել է մնալ Միջերկրական ծովում:
Այսպիսով, Բայդենի վարչակազմը փորձել է «վստահեցնել մեր դաշնակիցներին և գործընկերներին հավաքական պաշտպանության սկզբունքներին մեր հավատարմության մեջ», - ասել է աղբյուրը:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է, որ Ուկրաինայի շահերը հաշվի կառնվեն Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի գործարք կնքելիս։ Ցանկացած որոշում կընդունվի՝ հաշվի առնելով «մեր դաշնակիցների ու գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի» կարծիքը», - ասել է ԱԱԽ-ի ներկայացուցիչը։
«Նախագահ Բայդենի մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ հստակ և հետևողական է՝ դաշինքի միավորում երկու ուղղությամբ՝ զսպվածություն և դիվանագիտություն։ Մենք միակարծիք ենք այն հետևանքների հարցում, որոնց կբախվի Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարձակվելու դեպքում»,- ասել է աղբյուրը։
Այս պահին հայտնի չէ, թե ովքեր են գլխավորելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունները հունվարի 10-ին կայանալիք բանակցություններում։
Հանդիպումը հանդիսանում է Անվտանգության ռազմավարական երկխոսության նախաձեռնության մի մասը, որը նախաձեռնել են Բայդենը և Պուտինը հունիսի 16-ին Ժնևում կայացած գագաթաժողովի ժամանակ: Բանակցությունների այս ձևաչափի ստեղծման սկզբնական նպատակը միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ նոր պայմանագրերի մշակումն ու ստորագրումն էր։