ԱՄՆ-ը և Ռուսաստանը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ կսկսեն հունվարի 10-ին ‘’Ֆրանս պրես’’ գործակալությանը հայտնել է Սպիտակ տան մի պաշտոնյա:
Մրցակիցները կքննարկեն միջուկային զենքի վերահսկման շուրջ հարցեր և Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը։
«Միացյալ Նահանգները անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի հետ շփումներին», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը՝ խնդրելով իր անունը չհրապարակել։
«Երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը կարող է արտահայտել իր մտահոգությունները, մենք էլ կհայտնենք մեր անհանգստությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ»,- հավելել է նա։
Նա ասել է նաեւ, թե սպասվում է, որ դրանից հետո՝ հունվարի 12-ին, տեղի կունենա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումը, իսկ հունվարի 13-ին՝ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջեւ հանդիպումը։
Հունվարի 10-ին կայանալիք հանդիպումը լինելու է Անվտանգության ռազմավարական երկխոսության մի մասը, ինչի մասին հայտարարվել էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հունիս ամսին Ժնևում անցկացված գագաթաժողովում:
Ռուսաստանը հաստատել է նախատեսված ժամկետները։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները նախատեսվում է անցկացնել հունվարի 10-ին Ժնևում, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Հունվարի 10-ը ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների հիմնական օրն է, որը, հուսով ենք, կվերածվի մեր համաձայնագրերի նախագծերի շուրջ բանակցությունների’’, ասել է նա։
Նրա կարծիքով, կողմերը մեկ հանդիպման ընթացքում չեն լուծի երաշխիքների վերաբերյալ բոլոր հարցերը։ «Մեկ օրում հնարավոր չէ համաձայնության գալ, բայց գործընթացը ձգձգել այլեւս չենք կարող. հարցը շատ հրատապ է և շատ լուրջ»,- ասել է Ռյաբկովը նա։