Դրամը պիտի լցնի ոչ թե թալիբների, այլ` աշխատավոր ժողովրդի գրպանը. Էնթոնի Բլինքեն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարեվերջյան մամուլի ճեպազրույցում հանդիպեց լրագրողների սուր հարցերին:

Հարցերի մի մեծ մասը կենտրոնացել էր Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների միջև ընթացող պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից նոր ներխուժման մտավախությունների վրա: Ի պատասխան, Բլինքենը կրկին կոչ է արել Մոսկվային մեղմել իրավիճակը և հետ քաշել զորքերը սահմանից։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հավանաբար հունվար ամսին բանակցություններ վարել Մոսկվայի և տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Ուզում եմ հիշեցնել Ժնեւում նախագահներ Բայդենի եւ Պուտինի միջեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Բայդենի այն խոսքերը, որոնց համաձայն ԱՄՆ-ը նախընտրում է տեսնել վստահելեի եւ ավելի կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն, եթե Ռուսաստանը շարունակի անխոհեմ կամ ագրեսիվ գործողությունները, մենք կտանք համապատասխան պատասխան եւ այդ պատասխանը կլինի խիստ»:

Բլինքենին լրագրողները նաեւ հարցրել են, թե արդյոք ինքը չի զղջում Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի հապճեպ և քաոսային դուրսբերման համար: Բլինքենն այս հարցին պատասխանել է, ասելով, թե դրա գնահատականը տալու համար ժամանակ է պահանջվելու: ‘’Սակայն նախագահ Ջո Բայդենն այսպիսով կատարել է ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմն ավարտելու մասին իր խոստումը’’, ասել է Բլինքենը:

«Մենք գիտեինք, որ այն դժվար մարտահրավեր էր լինելու: Եվ այդպես էլ եղավ։ Եվ տարհանման եւ վերատեղաբաշխելու գործողություններից մենք ունենք դասեր առնելու կարիք, դասեր, որոնք կարող ենք սերտել ապագայի համար:

Անցած քսան տարիների ընթացքում առաջին տարին է, որ ամերիկացի զինվորականներն արձակուրդները չեն անցկացնելու Աֆղանստանում, և զինվորականների երրորդ սերնդին չենք ուղարկելու այնտեղ կռվելու», ասել է Բլինքենը:

Բլինքենն ասել է նաեւ, որ ԱՄՆ-ը լիովին գիտակցում է Աֆղանստանի ժողովրդի տառապանքը և ինտենսիվ աշխատանքներ է տանում դաշնակից երկրների հետ ակտիվացնելու համար այս երկրի տնտեսությունը եւ իրականացնում է քայլեր, որպեսզի դրամը լցնի ոչ թե թալիբների, այլ` աշխատավոր ժողովրդի գրպանը: