Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը ուրբաթ օրն ասել է, որ Ռուսաստանում իշխանության ղեկին գտնվող մարդիկ ակտիվորեն քարոզում են պատերազմի գաղափարը, և Ուկրաինայի հետ հակամարտությունը կարող է դառնալ շատ իրական սցենար:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում ստանալով մրցանակը՝ հանձնման արարողության ժամանակ Մուրատովն ասել է, որ Ռուսաստանում ընդունված է կարծել, որ արյունահեղությունից խուսափող քաղաքական գործիչները թույլ են, իսկ ռազմական սպառնալիքներ հնչեցնողները՝ «հայրենասեր»։
Ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Մուրատովն այս տարվա Խաղաղության մրցանակը ստացել է Rappler լրատվական կայքի համահիմնադիր ֆիլիպինուհի Մարիա Ռեսսայի հետ՝ ի նշան խոսքի ազատության համար նրանց պայքարի:
Ըստ նրա՝ այսօր ակտիվորեն քարոզվում է պատերազմի գաղափարը: Որոշ խենթ աշխարհաքաղաքական գործիչների մտքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն այլևս բացառված չէ, նշում է Մուրատովը:
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանում անկախ լրագրությունը վտանգի տակ է։ Ավելի քան հարյուր լրագրողներ, լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ իշխանությունների կողմից որակվել են որպես «օտարերկրյա գործակալներ»:
Ռուսաստանում դա նշանակում է «ժողովրդի թշնամի, պնդում է Մուրատովը, ով իր մրցանակը նվիրեց «Նովայա գազետա»-ի բոլոր հետաքննող լրագրողներին և գործընկերներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Մարիա Ռեսսն ու Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակ ստացած առաջին լրագրողներն են այն բանից հետո, երբ գերմանացի Կառլ ֆոն Օսյեցկին դարձավ դափնեկիր 1935 թվականին՝ նացիստական վերազինման գաղտնի ծրագիրը բացահայտելու համար։