ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից 

ԵԱՀԿ ԱԳ նախարարների վեհաժողով Ստոկհոլմում, 2 դեկտեմբերի, 2021թ.

Foreign Policy ամսագիրն ու Ամերիկա-Վրաստան տնտեսական համագործակցության հիմնադրամը համատեղ կազմակերպել էին «Մեծ տերությունները՝ Հարավային Կովկասում» վերնագրով քննարկումը պետքարտուղարության և վերլուծաբանների մասնակցությամբ

Հարավային Կովկասի երկրների անկախությանն ավելի մեծ աջակից չկա, քան Միացյալ Նահանգներն է, ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը Foreign Policy ամսագրի կազմակերպած քննարկմանը Հարավային Կովկասի շուրջ: Օլսոնը շեշտում է՝ ԱՄՆ շարունակում է ամբողջապես աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ առանց արտաքին ուժերի միջամտության:

Նորանշանակ փոխպետքարտուղարի տեղակալը նոյեմբերի սկզբերին այցելել էր Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան:

«Այն ինչ հստակ ընդգծեցի բոլոր երեք մայրաքաղաքներում այցիս ընթացքում՝ այն դերն է, որ ԱՄՆ ցանկանում է հրապարակավ ստանձնել՝ որպես ազնիվ միջնորդ այս երկների միջև երկխոսություն ծավալելու համար»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան

Էրիկա Օլսոնը կարևորում է Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը: Նա որպես առաջընթաց և կարևոր մեկնարկային կետ է դիտարկում Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած կողմերի միջև հանդիպումները:

«Մենք, սակայն, հիասթափված ենք, որ անցյալ շաբաթ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կողմերի արտգործնախարարների նախատեսված հանդիպումը չկայացավ»,- ասել է նա:

Օլսոնը հույս հայտնեց, որ ամերիկյան ակտիվ ներգրավվածությունը ինչպես Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, այնպես էլ երկկողմանի հարաբերություններում կօգնի առաջ շարժվել՝ աջակցելով հակամարտող կողմերին և ընդհանուր տարածաշրջանին՝ լուծումներ գտնելու հարցում:

Քննարկման մեկ այլ բանախոս, վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով այսօր Հարավային Կովկասում խոշոր տերություններից որևէ մեկը, ներառյալ Ռուսաստանը չունեն գերիշխող ազդեցություն: Տեղական զարգացումներն ու դինամիկան չափազանց կարևոր են, շեշտում է վերլուծաբանը՝ մատնանշելով անցած տարվա պատերազմը, որը փոխեց, ըստ վերլուծաբանի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական ողջ դիմագիծը:

«Ոչ մի արտաքին ուժ, ներառյալ Ռուսաստանը, չկարողացավ ազդել այդ հակամարտության վրա: Նկատի ունեմ, որ այն հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն է»,- նշում է դե Վաալը:

Վերլուծաբանի կարծիքով տարիներ ի վեր Բաքուն և Երևանը շատ հնարավորություններ ունեին՝ հասնելու խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ բազմակողմանի ձևաչափի ներքո, որը կարող էր ապահովել ավելի շատ միջազգային ներգրավվածություն, ներառյալ Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից:

«Հայաստանն ու Ադրբեջանը, ներքին տարբեր պատճառներից ելնելով, չկարողացան օգտվել այդ հնարավորությունից, և այդ իսկ պատճառով հակամարտության կարգավորումն այս պահին հիմնականում հանձնվել է Ռուսաստանին»,- կարծիք է հայտնում դե Վաալը:

Դրա հետ մեկտեղ դե Վաալը շեշտում է՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և երկարաժամկետում անհրաժեշտություն կլինի կրկին վերադառնալ բազմակողմ դիվանագիտությանը:

Վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ Թուրքիայի բաց ռազմական աջակցությունը Ադրբեջանին անցած տարվա պատերազմի ժամանակ որոշակի մարտահրավեր էր Մոսկվային: Վերջինս, սակայն, որոշակիորեն վերականգնեց իր դիրքերը՝ հասնելով զինադադարի հաստատամանն ու իր խաղաղապահ ուժերի տեղակայմանը ԼՂ-ում: ԱՄՆ-ն երբեք ցույց չի տվել նման հետաքրքրություն՝ ներգրավվելու այս մակարդակում, շեշտում է Հերբսթը:

Նա կարևորում է տարածաշրջանմում տնտեսակլան կապերի խորացումը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը շահավետ է հարավկովկասյան բոլոր երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար:

«Պատերազմի արդյունքում արձանագրված փոփոխությունները և Մոսկվայի կողմից պարտադրված խաղաղությունը, ինչը, ի դեպ, վատ չէ կարող են հնարավորություն ստեղծել՝ հասնելու իրական տարածաշրջանային համագործակցությանը»,- ասում է Հերբսթը:

Այս համատեքստում, խոսելով Հայաստանի մասին, Ջոն Հերբսթը, սակայն, վստահ չէ, թե արդյոք Հայաստանը կցանկանա ներգրավվել տնտեսական այս համագործակցության գործընթացում, որն, ըստ վերլուծաբանի, բխում է Երևանի շահերից:

«Հայերի համար որպես խթանիչ ուժ կարող է հանդիսանալ սահմանների վերաբացումն ու հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ»,- գտնում է նա:

Որպես հիմնական խոչընդոտ Հայաստանի ներգրավվածության՝ Ջոն Հերբսթը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական դժվար կացությունն ու Մոսկվայի ցանկությունը՝ տապալելու նման զարգացումները: Այս առումով անհրաժեշտ են լուրջ ֆինանսական և դիվանագիտական ջանքեր՝ Հայաստանին համուզելու ու Ռուսաստանի խափանման փորձերը չեզոքացնելու համար, գտնում է նա: