Իրավապաշտպան կազմակերպությունը ահազանգում է Աֆղանստանում շարունակվող բռնությունների մասին

Ըստ Human Rights Watch-ի՝ թալիբները իրականացրել են հարյուրավոր մահապատիժներ և անհետացումներ օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը գրավելուց և արևմտյան ուժերի դուրսբերումից հետո

Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch-ն ասում է, որ առկա են ապացույցներ, որ թալիբները սպանել կամ առևանգել են Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի ավելի քան 100 նախկին ներկայացուցիչիների ընդամենը չորս նահանգներում, որտեղ խումբն իրականացրել է իր հետազոտությունները:

Human Rights Watch-ի ներկայացուցիչ Պատրիսիա Գոսմանն ասում է, որ վերջիններիս թիրախում էին մարդիկ, ովքեր պատերազմել են թալիբների դեմ, ովքեր գտնվել են առաջնագծում կամ առնչվել են թալիբների դեմ պայքարին:

Իրավապաշտպան կազմակերպությունն ասում է, որ այս կապակցությամբ ապացույցներ է հավաքել վկաների, հարազատների և Թալիբանի պաշտոնյաների հետ ավելի քան 60 հարցազրույցներից:

Սպանություններ և առևանգումներ են արձանագրվել Ղազնի, Հիլմենդ, Կանդահար և Կունդուզ նահանգներում, իսկ հարձակումները տեղի են ունեցել ողջ Աֆղանստանի տարածքում: Եվ դա չնայած թալիբների խոստմանը, որ նրանք վրեժ չեն լուծի Աֆղանստանում վերահսկողություն հաստատելուց հետո:

«Նրանք առաջարկեցին համաներում. դա հնարավոր է լսել Քաբուլի իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից։ Բայց, իրականում, ինչպես տեսնում ենք, այն չի կիրառվում, համենայն դեպս ոմանց հանդեպ: Նրանք միտումնավոր հետապնդում են մարդկանց անձնական հարաբերությունների, թշնամանքի հիման վրա կամ էլ իրենց ունեցած դերի»,- ասում է Պատրիսիա Գոսմանը:

Հետազոտողներն հայտնում են, որ թալիբներն օգտագործել են նախկին Աֆղանստանի կառավարության կողմից թողած աշխատանքային գրառումները՝ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու կամ մահապատժի ենթարկելու համար:

«Այն, ինչ առաջին շաբաթների ընթացքում դիտարկվում էր որպես որպես վրեժխնդրությամբ դրդված սպանություններ, այժմընկալվում է որպես կանխամտածված: Դա տարածվում է այլ մարզերում ևս, և թվում է, որ դա միգուցե ռազմավարության մաս է՝ուղղված ընդդիմության միավորման դեմ»,- նշում է Պատրիսիա Գոսմանը:

Թալիբանը հայտարարել է, որ իրենք պաշտոնանկ են արել չարաշահումների համար պատասխանատուներին, սակայն այլմանրամասներ կամ ապացույցներ չեն ներկայացվել:

Շաբաթ օրը պետական լրատվամիջոցներով հեռարձակված ելույթում մոլլա Մուհամմեդ Հասան Ախունդը՝ Թալիբանի կառավարության վարչապետի պաշտոնակատարը, մեղադրել է կառավարության նախկին պաշտոնյաներին խնդիիրներ ստեղծելու մեջ: Նա պնդում է, որ վերջիններս մոլորեցնում են ժողովրդին:

Human Rights Watch-ը սակայն կոչ է անում ապահովել ՄԱԿ-ի մշտական վերահսկողություն այստեղ և հետաքննել թալիբների կողմիցկատարված չարաշահումները:

Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը սառեցրել են Աֆղանստանի կենտրոնական բանկի 9,5 միլիարդ դոլարի ակտիվները և արգելափակել կանխիկ դրամի առաքումը երկիր այն բանից հետո, երբ թալիբները զավթեցին իշխանությունը

Մարդասիրական կառույցները նախազգուշացնում են մոտալուտ հումանիտար աղետի մասին: Միլիոնավոր աֆղանստանցիներ չեն ստանում աշխատավարձ կամ գործազուրկ են, հիմնական սոցիալական ծառայությունները փլուզման եզրին են, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: