Եռակողմ բանակցություններ՝ երեք կողմերի դրական գնահատականներով

ARMENIA-AZERBAIJAN/RUSSIA

Սոչիում ավարտվեցին Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները, որոնք տևեցին մոտ երեք ժամ։ Հանդիպումներ կայացան և եռակողմ, և առանձին՝ Փաշինյան -Պուտին և Ալիև-Պուտին երկկողմ ձևաչափերով։ Կողմերի գնահատմամբ, բանակցությունները կառուցողական են եղել, և Ռուսաստանի նախագահի խոսքերով, դրանց արդյունքում տարածաշրջանային բոլոր ճանապարհները կբացվեն։ «Տրանսպորտային երթուղիները, որոնք այսօր քննարկեցինք, խիստ կարևոր են, ընդ որում՝ կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների, նաև Ռուսաստանի համար, քանի որ մենք շահագրգիռ ենք, որ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները լինեն հուսալի, բազմակողմ, դյուրին և աշխատեն ամբողջ տարին», - շեշտել է Պուտինը՝ ընդգծելով, որ տնտեսական հաղորդակցության և ճանապարհների ապաշրջափակման հարցերը եռակողմ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են։

Ճանապարհատրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքից՝ նշելով, թե տեղի ունեցավ բաց քննարկում երկու կողմերին անհանգստացնող խնդիրների շուրջ, և, կարևոր է, որ ընդունվեցին որոշումներ, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի առավել անվտանգ դառնալուն, ասել է Իլհամ Ալիևը։

Բանակցությունները դրական է գնահատել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ օրակարգի բոլոր հարցերը դիտարկվեցին՝ ոչ թե խնդիրները թաքցնելու , այլ բացահայտելու և քննարկելու ձևով․ «մի շարք հարցերի շուրջ հստակեցրեցինք մեր դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ չկա որևէ տարընթերցում, ինչպես թվում էր մինչ այդ», - նշել է Փաշինյանը։

«Ես նորից հաստատում եմ, որ Հայաստանը և Հայաստանի կառավարությունը, որը ստացել է ժողովրդի մանդատը, պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել մեր երկրի և տարածաշրջանի համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշետել է, որ իրավիճակը այնքան էլ կայուն չէ, որքան կցանկանայինք։ Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է զոհվել՝ երկու կողմերից, միջադեպեր են լինում նաև Լեռնային Ղարաբաղում։ «Մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, Ադրբեջանի զորքը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Այդքանով հանդերձ, նրա խոսքերով, հանդիպումները պետք է ծառայեն ոչ միայն խնդիրների մասին խոսելուն, այլև դրանք կարգավորելուն, և, որ Հայաստանը ևս պատրաստ է կարգավորմանն ուղղված քայլեր կատարել՝ ինչպես օրինակ, սահմանազատման աշխատանքները և շահագրգռված է ճանապարհների ապաշրջափակմամբ։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Փաշինյանը պնդել է նաև, որ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

«Հայկական կողմից տեսնում ենք մտադրություն, որպեսզի ստեղծվեն նախադրյալներ՝ տարածաշրջանում իրավիճակը առավել կանխատեսելի դարձնելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը, շեշտելով, թե ինքը բազմիցս ասել է Հայաստանի հետ բազմամյա հակամարտության էջը փակելու իրենց նպատակի մասին, և, իր կարծիքով, այս բանակցություններով մոտենում են այդ նպատակին՝ նորմալ համագործակցության փուլին հասնելու առումով։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կստեղծվեն մեխանիզմներ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար, և այդ առումով բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել։

Վլադիմիր Պուտինը հայտնել է նաև մարդասիրական բնույթի խնդիրների քննարկման մասին, առանց մանրամասներ հաղորդելու։

Ռուսաստանի նախագահը որպես արդյունավետ բանակցությունների նշան և հիշատակ, Փաշինյանին և Ալիևին է նվիրել խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ ոսկեզօծ ձիթենու ճյուղեր։ Նա ամփոփելով հանդիպումները շեշտել է, թե հույս ունի, որ այսօրվա բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և հիմք կդառնան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: