PEN America եկամուտ չհետապնդող կազմակերպությունը Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսարանի առջեւ անցկացրել է «Դատարկ աթոռ» անվանումը կրող իր ամենամյա փողոցային ակցիան, որով իր աջակցությունն է հայտնում Արևելյան Ուկրաինայի և Ղրիմի օկուպացված տարածքները լուսաբանելու համար բանտարկված լրագրողներին:
Վլադիսլավ Եսիպենկոն մարտ ամսին է ձերբակալվել Ղրիմում լրտեսության մեղադրանքով: Իսկ նա պարզապես հաղորդումներ է պատրաստել Ղրիմի բնակիչների առօրյայի մասին։ Նրա ընտանիքի անդամներն ու իրավապաշտպանները համոզված են, որ Էսիպենկոն բանտում ենթարկվում է խոշտանգումների:
Ստանիսլավ Ասեևը ուկրաինացի գրող է և լրագրող: Երկու տարի ռազմագերի է եղել Դոնբասում՝ ռուսամետ անջատողականների կողմից գերեվարվելուց հետո։ Նա ազատ է արձակվել գերիների փոխանակման արդյունքում։
«Ինձ խոշտանգեցին միայն առաջին օրը։ Դրանից հետո ես ստորագրեցի այն ամենն, ինչ ինձնից պահանջում էին: Այնպես որ իմաստ չուներ ինձ ավելի տանջել։ Նրանք ծեծում էին մարդկանց պարզապես իրենց ղեկավարությանը դուր գալու համար», ասում է նա:
Ձերբակալված լրագրող Օլենա Ֆեդորուկի դուստրը՝ Յուլիա Սավկոն, պայքարում է մոր ազատ արձակման համար։ Ֆեդորուկը, ում անջատողականները նույնպես մեղադրում են Ուկրաինայի օգտին լրտեսելու մեջ, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Յուլիան պատմում է, որ մորը կալանավորել են լրտեսության մեղադրանքով, ինչը նրա խոսքերով, շինծու հորինվածք է:
Ըստ PEN America-ի՝ դատարկ աթոռը խորհրդանշում է գրողներին, ովքեր չեն կարող ներկա գտնվել, քանի որ անհետ կորած են, բանտարկված, սպառնալիքների ենթարկված կամ էլ` սպանված:
«PEN America»-ի անդամներն ասում են, որ շարունակելու են հնարավորինս մեծ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա եւ որ պատրաստվում են անցկացնել նման միջոցառումների երկար շարք: