Միացյալ Նահանգները տեսնում և գնահատում է տարածաշրջանային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի կարևոր դերը Աֆղանստանում կայունության հասնելու գործում։ Այս մասին երեքշաբթի օրը «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Աֆղանստանի հարցերով պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը։
Հարցին, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում Աֆղանստանի ճգնաժամի կարգավորման շուրջ եռակողմ խմբի հանդիպման արդյունքներին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին Իսլամաբադում, և ինչ դեր կարող են ունենալ Չինաստանն ու Ռուսաստանը Աֆղանստանի կայունացման և ահաբեկչության դեմ պայքարում, պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն ասել է.
«Կարծում եմ՝ մենք տեսնում ենք տարածաշրջանային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի կարևոր դերը Աֆղանստանում կայունության հասնելու գործում։ Սա ձևաչափ է, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը… Մենք մշակել ենք… ընդհանուր հայտարարություն այս հանդիպումներից հետո, և ես շատ ուրախ էի տեսնել, որ իմ ռուս, չինացի և պակիստանցի գործընկերները կիսում են մեր կողմից նշված պարտավորությունները [Թալիբանի կառավարության համար]. դրանցից են ՝ ավելի ներառական կառավարում կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում, ... մարդասիրական ոլորտի աշխատողների Աֆղանստան մուտքի ապահովում:
Ուեսթը նշել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը և Չինաստանը կիսում են ԱՄՆ-ի մտահոգությունը Աֆղանստանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների առնչությամբ, քանի որ «ահաբեկիչները վտանգ կներկայացնեն իրենց երկրների և իրենց հարևանների համար... Եվ հետևաբար, երբ խոսքը գնում է «Թալիբանի» հետ շփվելու մասին, ապա «սա ընդհանուր խնդիր է ողջ միջազգային հանրության համար», - ավելացրել է Ուեսթը:
Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, իր տեղեկություններով, մոտ ապագայում չեն պատրաստվում ճանաչել թալիբների իշխանությունը։