Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հիմնած «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը կփոխանցի երկրի ներկայիս ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարվել է կուսակցության քաղխորհրդի նիստին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը։
Նազարբաևը հիմնել է «Նուր Օթան» կուսակցությունը 1999 թվականին։ Կուսակցության ներկայացուցիչները զբաղեցնում են խորհրդարանի ստորին պալատի տեղերի ավելի քան երկու երրորդը: Նրա շարքերում են բազմաթիվ պետծառայողներ: «Նուր Օթան»-ը պաշտոնապես առաջադրել է Տոկաևի թեկնածությունը 2019 թվականի նախագահական ընտրություններում։
81-ամյա Նազարբաևը, ով երկիրը ղեկավարել է շուրջ 30 տարի, հրաժարական է տվել 2019 թվականի մարտին՝ իշխանությունը փոխանցելով Տոկաևին։ Միևնույն ժամանակ նախկին նախագահը պահպանել է ազգի առաջնորդի հատուկ կարգավիճակը, որը երաշխավորում է իր և իր ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը և ունեցվածքի անձեռնմխելիությունը ցանկացած հետապնդումից։
Բացի այդ, Նազարբաևն ապահովեց Անվտանգության խորհրդի ցմահ նախագահ լինելու իրավունքը, կառավարական մարմին, որի հետ ներկայիս նախագահը պետք է համակարգի նշանակումները պետական կարևոր պաշտոններում: Նազարբաևի ազդեցությունը Ղազախստանի քաղաքականության վրա այնքան բարձր է մնում, որ շատ դիտորդներ կարծում են, որ նա շարունակում է դե ֆակտո ղեկավարել երկիրը, նշում է Ազատություն ռադիոկայանի Ղազախստանի ծառայությունը։