Կսկսի՞ արդյոք Ռուսաստանը պատերազմ ընդդեմ Ուկրաինայի

Ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի արտասովոր կուտակման հետ կապված մտահոգություններով Ուկրաինայի պաշտպանության նախարարը ժամանել է Վաշինգտոն՝ խոսելու պաշտպանական և ռազմավարական խնդիրների մասին:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ իրենք հետեւում են ռուսական ռազմական ուժերի կուտակումներին Ուկրաինայի հետ սահմանի մոտ:

Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասում է, որ ռուսական մշտական ռազմական ներկայությունը նորություն չէ։

Օլեքսիյ Ռեզնիկովի խոսքերով, ուկրաինական եւ ամերիկյան հետախուզությունը, Միացյալ Թագավորության հետախուզությունը, անում են իրենց գործը: ‘’ Մենք ապրում ենք Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի պայմաններում արդեն ութ տարի: Այսպիսով, մեզ համար դա անակնկալ չէ», ասում է նա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էլ հաստատում է իր աջակցությունն Ուկրաինային։ Ինչպես Լլոյդ Օսթինն է ասում, հիշեցնելով նախագահ Ջո Բայդենի խոսքերը, «Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնապաշտպանությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անսասան է»:

Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Մեյսոն Քլարկն ասում է, որ Ուկրաինա ներխուժումը կարող է գործել ի վնաս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:

«Խոշոր հարձակողական գործողությունը զգալի մեծ ծախսեր կպահանջի, ինչի արդյունքում կհետաձգվի «Հյուսիսային հոսքի» սերտիֆիկացումը, եւ կդառնա ՆԱՏՕ-ի կամ այլ եվրոպական ուժերի կողմից Ուկրաինայում տեղակայումներն մեծացնելու պատճառ: Եվ դա, հավանաբար, բավականին թանկ գործողություն կլինի: Ուկրաինայի ներկա զինված ուժերը նույնը չեն, ինչ 2014 թվականին էին’’, ասում է նա:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ասում է, որ նման ռիսկի գնալու հանգամանքը կարո՛ղ է բխել Պուտինի շահերից:

«Պուտինը կարող է մտածել, որ պետք է ավելի մեծ ռիսկի դիմի, որպեսզի թույլ չտա Ուկրաինային հաջողության հասնել Արևմուտքին միանալու իր ջանքերում: Այնպես որ, նա կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք մեր տեսանկյունից այնքան էլ տրամաբանական չեն թվում»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքերով, Ուկրաինան պատրաստ է, սակայն անհրաժեշտ է միասնական օգնություն ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։

‘’Մենք վախի մեջ լինելու ժամանակ չունենք. Մեզ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստվենք դիմադրությանը’’, հայտարարել է նա: