Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը:
''Արմենպրես''-ի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին: Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով այս շաբաթ ավելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:
Ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության, «երկու երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»: