‘’Մինսկն ինքը պիտի ուտի իր եփած ճաշը’’, ասում են փորձագետները

Չնայած վերջին մի քանի օրերի ընթացքում Բելառուսից Լեհաստանի սահմանը հատելու համար այստեղ կուտակված միգրանտների թիվը որոշ չափով կրճատվել է, ճգնաժամը շարունակվում է: Միգրանտների ճգնաժամը արագ հարթելու մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ հիմնականում Մերձավոր Արեւելքի երկրներից այստեղ հավաքված հարյուրավոր միգրանտներ դեռեւս հույսեր են փայփայում, որ մի օր կհայտնվեն Եվրոպական միության տարածքում: Նրանց վերջնական նպատակը Գերմանիա հասնելն է:

Եվրոպան Բելառուսի իշխանություններին է մեղադրում այս միգրանտներին այստեղ բերելու եւ այստեղից դեպի Եվրոպական միության երկրներ փոխադրելու խոստումներ տալու մեջ:

‘’Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու եւ չի ընդունելու Բելառուսից սահմանը հատելու ցանկություն ունեցող միգրանտներին’’, հայտարարել են Ավստրիայի իշխանությունները, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նախազգուշացնում է, որ սահմանային բախումներ սկսվելու դեպքում դրանք կարող են վերածվել պատերազմի: Նա հորդորում է Եվրամիությանն ընդունել այս միգրանտների գոնե մի մասին:

Լեհաստանի վարչապետ Մատեուս Մորավիեցկին, Լուկաշենկոյի սպառնալից խոսքերից հետո նորանոր համալրումներ է ուղարկում դեպի սահման:

Եվրամիությունում մեծ անհանգստություն էր տարածվել մի այն հաղորդագրության պատճառով, ըստ որի Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին էր ներկայացրել այս ճգնաժամը լուծելու ծրագիր: Ըստ այդ հաղորդագրության, այդ ծրագրի համաձայն Եվրամիությունը պետք է ընդունի 2000 միգրանտների: Գերմանիայի իշխանությունները հերքել են այդ հաղորդագրությունն ու այն անվանել ‘’ապատեղեկատվություն’’:

Պարզելու համար, թե արդյոք Գերմանիան համաձայնվել է Բելառուսի հետ ինչ որ կերպ գալ առանձին համաձայնության, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ուղիղ կապ է հաստատել Բեռլինի հետ: Նրան հավաստիացրել են, որ նման բան չկա, եւ որ Բեռլինը որեւէ կերպ համաձայնություն չունի Մինսկի հետ:

Այնպես որ, ասում են փորձագետները, Մինսկը պիտի ուտի իր եփած ճաշը եւ կարծես արդեն սկսել է ուտել, երբ ստացվում են Բելառուսից մերձավորարեւելքցի միգրանտների մի մասին հետ ուղարկելու մասին հաղորդագրություններ: