«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն Իրաքում և Սիրիայում ժամանակին վերահսկում էր ավելի քան յոթ միլիոն մարդ և 100 հազար կիլոմետր տարածք: Իր տարածքային պարտությունից հետո այն այլևս չի կարող լայնամասշտաբ պատերազմ վարել, սակայն խմբավորումը, որը նաև հայտնի է ԴԱԵՇ անվամբ, չի դադարել ահաբեկել տեղի բնակչությանը ռմբակոծությունների և փոքր հարձակումների միջոցով:
«ԻՊ-ը, որպես ապստամբ ահաբեկչական կազմակերպություն, չի պարտվել։ Նրանք պատրաստվում են երկար պատերազմի, մահմեդական ջիհադի», ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից Թոմաս Ջոսելինը:
Նա ասում է նաեւ, թե կան ապացույցներ, որ «Իսլամական պետությունն» իր ներկայությունն ունի Իրաքում և Սիրիայում, ինչպես նաեւ` գործուն մասնաճյուղեր Աֆրիկայի և Աֆղանստանի տարածքներում: Ըստ ՄԱԿ-ի, խմբավորումը տարածվել է Աֆղանստանի բոլոր նահանգներում:
Ջոսելինի խոսքերով, ԱՄՆ-ը մեծապես է թերագնահատել ջիհադի գործոնը: «Քաղաքական և ռազմական ղեկավարությունը արդեն երկար ժամանակ է, որ չէին ուզում լինել այս կռվի մեջ, և նրանք թշնամուն տեսնում են այնպես, ինչպես ուզում են տեսնել»:
Նախկին նախագահ Բարաք Օբաման ժամանակին շատ անհարիր կերպով էր «Իսլամական պետությունն» Իրաքում և Սիրիայում անվանել «երկրորդական դերակատար», սակայն հետագայում ստիպված եղավ հազարավոր զինվորականներ ուղարկել նրանց դեմ պայքարելու համար:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ երկու անգամ փորձեց բոլոր ուժերը դուրս բերել Սիրիայից, ու նորից ստիպված եղավ դրանք հետ ուղարկել այնտեղ:
Միջազգային կոալիցիայի դերը Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում նվազել է ժամանակի ընթացքում: Կրճատվել է նաև ԱՄՆ-ի զորքերի թիվը:
Բանակի հրամանատարների խոսքերով, անցած 24 ամիսների ընթացքում ամերիկյան զորքերի թիվը կրճատվել է ավելի քան 66 տոկոսով:
Իրաքում այժմ կան ամերիկյան 2500 թվակազմով ուժեր:
Սիրիայում գտնվող մոտ 1000 ամերիկացի զինծառայողներ օգնում են Սիրիայի դեմոկրատական ուժերին գտնել «Իսլամական պետության» մնացորդները՝ միաժամանակ ապահովելով կարևոր ենթակառուցվածքները:
«Իսլամական պետության» տարածքային պարտությունից ի վեր ներկա ամենամտահոգիչ խնդիրներից մեկը գերբնակեցված բանտային ճամբարներում պահվող զինյալների և նրանց ընտանիքի անդամների մեծ թիվն է:
Գնդապետ Մայլս Քեգինսի խոսքերով, «ԻՊ-ն այժմ այսպես կոչված խալիֆայություն է, որը գտնվում է վանդակում: ԴԱԵՇ-ի ավելի քան 10,000 զինյալներ արգելափակված են և պահվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում և արևելքում»:
Քանի որ Սիրիայում կալանավորները 60 տարբեր երկրների քաղաքացիներ են, տեղի սիրիացի մարտիկները ձգտում են, որ նրանց մի մասին վերցնեն Իրաքն ու մյուս երկրները, մինչեւ այստեղ կտեղափոխվեն ահաբեկչական այս խմբավորման նորանոր գերիներ: