Տեսակետներ` հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ

Հայ- ադրբեջանական սամանային լարվածության մասնավորապես վերջին զարգացումներից կարճ ժամանակ անց հայտարարություններով հանդես եկան հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականներ , որոնք երկար տարիներ ներկայացնելով ԱՄՆ-ում բնակվող մեծ հայկական համայնքը, պաշտպանել են վերջիններիս շահերն ու իրավունքները ։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները, նշելով.

«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի հարցում, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա:

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը ‘’Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական ապացույցն’’ է համարում:

«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եվս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները:

«Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը: Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ-ի անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նույնպես իր մտահոգությունն է հայտնել, Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված, Հայաստանի դեմ բռնությունների աճի առնչությամբ: «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ: Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում անմեղ քաղաքացիներին: Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիևին, եթե նա չկանգնեցվի»,- գրառում է կատարել Ֆրանկ Փալոնը:

Հարկ է նշել, որ սրանք հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականների դիտարկումներն էին ստեղծված իրավիճակի վերաբերյալ , մինչդեռ պետդեպարտամենտի եվ պետքարտուղարի տեսակետը հետեվյալն է.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վերջին լարվածության հետ կապված.

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակց ությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան։ Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է. ‘’Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով’’։

ՄԱԿ-ը եվս մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կոչ անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ: «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Թեւ պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռևս ստուգենք այդ հաղորդագրությունները: Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների և դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից»,- ասել է Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: