Իրադրությունը` լեհ-բելառուսական սահմանին

Երեքշաբթի օրը Լեհաստան-Բելառուս սահմանին հազարավոր արգելափակված միգրանտների և լեհ սահմանային ուժերի միջև տեղի ունեցած դիմակայությունից հետո անցման կետը մաքրվել է բելառուսական կողմում:

Այս մասին տեղեկացնում են լեհ պաշտոնյաները Twitter-ում հրապարակված տեսանյութի միջոցով:

Միգրանտները կարծես վերադառնում են իրենց նախկին ժամանակավոր ճամբարը, որը գտնվում է սահմանային գծի երկայնքով մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երեքշաբթի կեսօրին Twitter-ի միջոցով տեղեկացրել են լեհական սահմանապահ ուժերը:

Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 20 հազար թվակազմով ոստիկանական, սահմանապահ եւ բանակային ուժեր են այս պահին հսկում երկրի սահմանը, որտեղ միգրանտները հավաքվել են լեհական Կուզնիցա քաղաքի անցակետի մոտ։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ ոստիկան մարմնական ծանր վնասվածք է ստացել սահմանի հակառակ կողմից նետված առարկայի հարվածից և գտնվում է հիվանդանոցում՝ գանգուղեղի կոտրվածքով:

Մոտ 4000 միգրանտներ գտնվում են սահմանի մոտ, և շատերն ասում են, որ Բելառուսի իշխանություններն իրենց թույլ չեն տալիս վերադառնալ Մինսկ:

ԵՄ-ն հայտարարում է, որ Բելառուսը խրախուսում է միգրանտներին հատել սահմանը` փորձելով վրեժ լուծել Եվրամիությունից, որը պատժամիջոցներ է սկսել ընդդեմ Բելառուսի, այստեղ նախորդ տարի հօգուտ Ալեքսանդր Լուկաշենկոյի անցկացված վիճահարույց ընտրությունների ու դրանից հետո սկսված ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող բռնությունների:

Ռուսաստանի մերձավոր դաշնակից Բելառուսը հերքում է միգրանտների միջոցով սահմանին արհեստական ճգնաժամ առաջ բերելու մասին պնդումները: