Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն՝ հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լարվածության թուլացման ու հրադադարը հարգելու կոչ է արել:
"Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել իրենց զորքերը և հարգել երկու եռակողմ համաձայնությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ սահմանազատումը", - նշված է հայտարարության մեջ:
Փիթեր Սթանոն նաև հավելել է, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը:
"Եվրամիությունը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը, որպեսզի օգնի հաղթահարել լարվածությունը և կառուցել այնպիսի Հարավային Կովկաս, որն անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների", - ասել է խոսնակը: