Բայդենը` Սի Ծինփինին. Միացյալ Նահանգները «կշարունակի պաշտպանել իր շահերն ու արժեքները».

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «ողջունել է Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինպինի հետ անկեղծ և շիտակ խոսելու հնարավորությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպես մարդու իրավունքները, տնտեսական մրցակցությունը և Չինաստանի աճող հետաքրքրությունը Թայվանի նկատմամբ», երեքշաբթի երեկոյան հայտնել է Սպիտակ տունը:

Սա երկու երկրների ղեկավարների միջեւ առաջին վիրտուալ, անձնական հանդիպումն էր Բայդենի պաշտոնավարումից հետո։

«Նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել իր շահերն ու արժեքները և աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ`՝ խթանելով ազատ, բաց և արդար միջազգային համակարգ», - ասված է հայտարարության մեջ։ Երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումը տեւել է երեք ժամ:

Բայդենն ընդգծել է, որ առաջնահերթություն է տալիս ներքին լայնածավալ ներդրումներին: Նա նշել է, որ Ամերիկան այդ գործողությունները համակարգում է դաշնակիցների և գործընկերների հետ:

Վերլուծաբանների խոսքերով, Բայդենը կարծես թե մեղմացրել է Թայվանի պաշտպանության հարցով իր նախկին հայտարարությունները:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է «մեկ Չինաստան» քաղաքականությանը, դեմ է Թայվանի անկախությանը և «կտրականապես դեմ է միակողմանի գործողություններին, որոնք կարող են փոխել ստատուս քվոն կամ խաթարում են խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում»։

Այս հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, կհանդարտեցնեն Պեկինին, հաշվի առնելով, որ բանակցություններից առաջ ՉԺՀ-ի արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է «դադարի սխալ ազդանշաններ ուղարկել Թայվանի անկախության կողմնակից ուժերին»:

Վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները սպասվածից երկար են զրուցել:՝

«Մենք բեկում չէինք ակնկալում», - լրագրողներին ասել է վարչակազմի պաշտոնյան:

Հարցին, թե արդյոք բանակցություններն օգնեցին թուլացնել լարվածությունը երկու գերտերությունների միջև, նա ասել է, որ դա չէր բանակցությունների նպատակը, և որ երկու երկրների հարաբերությունները չպետք է դիտվեն որպես վերելքների և վայրէջքների հարաբերություններ:

Միացյալ Նահանգները Չինաստանին համարում է ռազմավարական մրցակից, քանի որ Պեկինը ձգտում է ռազմական և տնտեսական գերակայություն ունենալ ամբողջ աշխարհում: